ad-banner-1

Որքա՞ն կբացակայի Տեր Շտեգենը

Բարսելոնան պաշտոնապես սկսել է Մարկ-Անդրե Տեր Շտեգենին որպես երկարաժամկետ վնասվածք ստացած ֆուտբոլիստ գրանցելու գործընթացը՝ ինչպես հայտնում է AS-ն։ Եթե այս քայլը հաստատվի, ապա ակումբը կկարողանա ազատվել գերմանացի դարպասապահի աշխատավարձի 80%-ից և օգտագործել այդ գումարը՝ փոխարինող ֆուտբոլիստ գրանցելու համար։
Տեր Շտեգենի մեջքի վիրահատությունից հետո նախնական բժշկական եզրակացությունը տվել է մասնագետ Ամելի Լեգլիզը՝ կանխատեսելով քառամսյա վերականգնման ժամկետ։
Այս ժամկետը վճռորոշ է, քանի որ Լա Լիգայի կանոնակարգով միայն այն ֆուտբոլիստները, ովքեր նվազագույնը չորս ամիս չեն կարող խաղալ, կարող են համարվել երկարաժամկետ բացակա և այդ կարգավիճակով աշխատավարձային փոխհատուցում ստանալ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ի՞նչ կլինի հետո

Բարսելոնայի բժշկական խումբը այժմ պատրաստվում է Լա Լիգային ներկայացնել ամբողջական հաշվետվություն։ Այս փաստաթղթում կներառվի Տեր Շտեգենի բժշկական ամբողջ պատմությունը, վերականգնման մանրամասն ծրագիրը, լրացուցիչ հետազոտություններ՝ այդ թվում ՄՌՏ-ներ, ինչպես նաև վիրահատության տեսագրություն, որն անցկացվել է Ֆրանսիայում։

Ակումբը փաստաթղթերը ներկայացնելու համար ունի 30-օրյա ժամկետ, սակայն մտադիր է հաշվետվությունը ներկայացնել արդեն հաջորդ շաբաթ՝ գործընթացը արագացնելու նպատակով։

Ի՞նչ կլինի արդյունքում

Երբ փաստաթղթերը ներկայացվեն, Լա Լիգայի անկախ փորձագիտական հանձնաժողովը կքննարկի դեպքը։ Ուշագրավ է, որ այս գործընթացում կներառվեն միայն երեք բժիշկ՝ չորսի փոխարեն։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հանձնաժողովի մեկ անդամ հրաժարվել է մասնակցությունից՝
Բարսելոնայի հետ նախկին կապերի պատճառով, ինչը կարող էր խանգարել անաչառությանը։
Երեք բժիշկների որոշումը կլինի վճռորոշ՝ որոշելու համար, թե արդյոք ակումբը կարող է պաշտոնապես գրանցել Տեր Շտեգենին որպես երկարաժամկետ բացակա ֆուտբոլիստ։

Եթե հանձնաժողովը հաստատի Բարսելոնայի ներկայացրածը, ապա ակումբը կստանա իրավունք՝ Տեր Շտեգենի աշխատավարձի 80%-ը օգտագործել այլ խաղացողի գրանցման համար՝ ֆինանսական արդար խաղի կանոնների շրջանակում։
Սա կլինի մեծ օգնություն կատալոնական թիմի համար, որը շարունակում է բախվել բարդ տրանսֆերային շուկայի պայմանների հետ։

Տեր Շտեգենի պարագայում ակումբը լավատես է։ Գերմանացի դարպասապահը դեռևս շարունակում է մնալ շարքից դուրս, և չնայած նրան, որ ըստ տեղեկությունների չի պատրաստվում հեռանալ, նույնիսկ Ժոան Գարսիայի գալուց հետո, նրա մասնակցությունը մրցաշրջանի առաջին կեսին բացառվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեր Շտեգենը հայտարարություն էր տարծել՝ նշելով, որ կբացակայի ընդամենը 3 ամիս։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել