
Ներքին կոնֆլիկտ Բարսայում՝ Ֆերմին Լոպեսի հավանական տրանսֆերի պատճառով
Բարսելոնան դիտարկում է կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին վաճառելու հնարավորությունը՝ չնայած Հանսի Ֆլիկի առարկություններին։
Ինչպես հայտնում է AS-ը, Բարսելոնայի ղեկավարությունը հույս ունի, որ Ֆերմին Լոպեսի տրանսֆերը կօգնի բարելավել ճգնաժամային ֆինանսական դրության մեջ գտնվող ակումբի վիճակը։ Սակայն այս գաղափարը բախվել է մարզիչ Հանսի Ֆլիկի դիմադրությանը, ով Լոպեսին համարում է Կամպ Նոուի կարևոր խաղացող այս մրցաշրջանում։
Անցյալ շաբաթվա վերջին Լևանտեի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում մարզիչ Ֆլիկը վճռականորեն հայտարարեց. «Ես ուզում եմ, որ Ֆերմինն ու Մարկ Կասադոն մնան։ Մրցաշրջանը երկար է ու շատ դժվար, ինձ բոլոր խաղացողներն էլ պետք են»։
Չնայած Կասադոն խաղալու հնարավորություն ստացավ, Լոպեսը Լևանտեի դեմ 3։2 հաշվով ավարտված խաղում ոչ մի րոպե չխաղաց, ինչը երկրպագուներին ավելի մտահոգեց իսպանացի կիսապաշտպանի ապագայի համար։
Չելսին ակտիվացնում է Բարսելոնայից Լոպեսի տեղափոխության շուրջ բանակցությունները։ Ակնկալվում է, որ կապույտները կառաջարկեն մոտ 50 միլիոն եվրո։ Այդ գումարը զգալիորեն կլրացնի Բարսելոնայի բյուջեն։ Սակայն Կամպ Նոուի ակումբը հայտարարել է, որ Լոպեսին 70 միլիոն եվրոյից էժան չի վաճառի։
Ըստ AS-ի՝ Բարսելոնան գիտի, որ Չելսին մեծ ֆինանսական հնարավորություններ ունի, քանի որ այս ամառ ակումբը մոտ 280 միլիոն եվրո է ծախսել մի շարք նոր խաղացողների վրա։