ad-banner-1
Լապորտա-Ռեշֆորդ

Մարկուս Ռեշֆորդի առաջին խոսքերը Բարսելոնա տեղափոխվելուց հետո

Բարսելոնան վերջապես պաշտոնապես հայտարարել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի լուրը։ 27-ամյա ֆուտբոլիստը Մանչեսթեր Յունայթեդից միացել է կատալոնական ակումբին մեկ տարով՝ վարձավճարով՝ առանց պարտադիր գնման իրավունքի, սակայն նախատեսված է 30 միլիոն եվրոյի չափով ոչ պարտադիր գնման տարբերակ։

Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ-ալիքին։

Ռեշֆորդը Բարսելոնա էր ժամանել կիրակի օրը, իսկ երկուշաբթի անցել էր բժշկական հետազոտություն։ Այդ պահից ի վեր նա մարզվում է ակումբի բազայում և այսօր վերջապես ստորագրել է պայմանագիրը ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։

«Շատ հուզված եմ, սա իմ երազանքների ակումբն է»

Պայմանագրի ստորագրումից հետո Ռեշֆորդը իր առաջին տպավորություններով կիսվել է ակումբի պաշտոնական մեդիա հարթակների հետ։

«Շատ հուզված եմ։ Շատերը երազում են այստեղ խաղալու մասին, իսկ ինձ համար դա շատ բան է նշանակում։

Բարսան այն ակումբներից է, որտեղ երազանքներն իրականություն են դառնում։ Նրանք բազմաթիվ գավաթներ են նվաճել, իսկ ակումբի արժեքները ինձ շատ հարազատ են»։

Նա նաև հավելել է․

«Ինձ այստեղ արդեն տանն եմ զգում։ Սա ընտանիքամերձ ակումբ է։ Ես միշտ ձգտել եմ վճռական, արագ ու դինամիկ խաղի, ու քանի որ մանկուց սիրել եմ գեղեցիկ ֆուտբոլը, միշտ սիրել եմ դիտել Բարսայի խաղերը՝ ինչպես բոլոր ֆուտբոլասերները»։

Ռեշֆորդը նշել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։

«Իմ այստեղ գալու հիմնական պատճառներից մեկը հենց նա էր։ Նրա հետ խոսակցությունը շատ դրական էր։

Անհամբեր սպասում եմ մարզումները սկսելուն և Բարսայի մեթոդները սովորելուն։ Նա մեծ մարզիչ է։ Անցած մրցաշրջանում՝ երիտասարդ կազմով, նա հիանալի արդյունքներ գրանցեց»։

Ի վերջո, Ռեշֆորդը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ջերմ ընդունելության համար։

«Շնորհակալ եմ բոլորին ջերմ ընդունելության համար։ Սա իմ առաջին անգամն է այստեղ, ու վստահ եմ՝ առաջին խաղը շատ յուրահատուկ կլինի»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել