Լուիս Սուարես․ «Ես անհնազանդության օրինակ եմ»
Մայամիում տված հարցազրույցում Լուիս Սուարեսը բացահայտում է իր անձնական կյանքի մանրամասները, որոնք հուզում են, և հայտնում է, որ իր ցանկությունն է վերադառնալ Բարսելոնա։
Ըստ SPORT-ի, Ինտեր Մայամիի մարզման ընթացքում Լուիս Սուարեսին տեսնելը զարմացնում է։ Զարմացնում է ոչ միայն նրա մարզվելու ոճը, այլև հատկապես այն, թե ինչպես է նա հոգ տանում իր մասին։ Նրա այս մեթոդը թույլ է տալիս զարմանալիորեն երկարաձգել կարիերան՝ հաշվի առնելով, որ նա ո՛չ թեթև, ո՛չ էլ նիհար խաղացող է։
Մարզումից առաջ նա կատարում է հատուկ վարժություններ, հետո ոտաբոբիկ վազում է խոտածածկի վրա, որից հետո երկար ժամանակ անցկացնում է մարզասրահում՝ նախքան ցնցուղ գնալը։ Այս ամենն անում է մենակ։ Նրա նվիրումն, արդեն 38 տարեկանում, բացարձակ է։
Հաճելի է Ձեզ տեսնել, Լուիս…
«Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում։ Տարիների ընթացքում սովորում ես օգտագործել մի շարք միջոցներ, որոնք թույլ են տալիս ավելի լավ հոգ տանել քո մասին՝ ավելի լավ արդյունք ցուցաբերելու համար։ Այն, ինչ տեսնում եք մարզումից հետո (ոտաբոբիկ վազք), առօրյա սովորություն է, քանի որ դրա շնորհիվ ինձ օրվա ընթացքում ավելի ակտիվ եմ զգում։ Ավելի վաղ ես մարզումից հետո գնում էի տուն և, գործս արած համարելով, մնում էի բազմոցին պառկած»։
Եվ…
«Այդ ամենը քեզ դարձնում էր ծույլ, ինչպես ասում ենք Ուրուգվայում, կամ անտարբեր, ինչպես ասում են Իսպանիայում։ Ամբողջ օրը պառկած էի մնում։ Որոշ ժամանակ առաջ փոխեցի ռեժիմս, և դա ինձ թույլ է տալիս մնալ ակտիվ․ երբեք հոգնած չեմ, անընդհատ շարժման մեջ եմ, և դա ինձ օգնում է լավ վիճակում ներկայանալ խաղերին։ Դա մի ռեժիմ է, որը ինձ դուր է գալիս, և ես հարմարավետ եմ զգում»։

Ձեր կարիերայի ընթացքում շատ տարբեր իրավիճակների եք հարմարվել։ Տարիների անցումը (հիմա Դուք 38 տարեկան եք) նոր մարտահրավեր է։ Ինչպե՞ս եք դա ընդունում։
«Բանն այն է, որ դա մի քիչ տարօրինակ է։ Երբեմն մտածում ես այսօր առկա միջոցների մասին՝ սնուցում, կանխարգելիչ աշխատանք մարզումներից առաջ և հետո, մարզասրահնե, կեսօրից հետո վարժություններ։ Մեր ժամանակներում այդ ամենը չկար, և գուցե մտածում ես, որ ես այդ ամենով ավելի լավ կխաղայի։ Գուցե այդ մտքերը սխալ է։ Գուցե իմ մարմնին հենց այն էր պետք, ինչ ունեի այդ տարիներին։ Ֆուտբոլը շատ է զարգացել, և այսօր այն իրականում շատ ավելի պրոֆեսիոնալ է»։
Մի այլ ժամանակ…
«Բանն այն չէ, որ նախկինում պրոֆեսիոնալ չէինք, այլ որ այն պարզապես այլ ժամանակներ էին։ Ինչպես 50 տարի առաջվա ժամանակները այլ էին։ Բայց կարծում եմ, որ այս ամենը բարելավել է ֆուտբոլը։ Մենք՝ այսօր խաղացող մեծահասակներս, դա ընդունում ենք որպես շարունակական կատարելագործման հնարավորություն։ Դրանք գործիքներ են, որոնք տրված են մեզ՝ ավելի լավը դառնալու համար, և մենք պարզապես պարտավոր ենք ավելի մանրակրկիտ հոգ տանել մեր մասին»։
Ձեր ուղին հեշտ չի եղել, բայց հաջողակ է։ Ի՞նչն է Ձեզ ամենաշատը բնորոշում։
«Անհնազանդ լինելը։Շատ եմ մտածում, որ կարող եմ օրինակ լինել՝ անհնազանդության, տոկունության, շարունակ պայքարելու և կռվելու իմ բնավորությամբ։ Շատ անգամ մտածում եմ, որ կարող եմ օրինակ լինել հենց այդ անկոտրում պահվածքով։ Այնուամենայնիվ, կան շատ բաներ, որոնցում ես օրինակ չեմ, և դա ընդունում եմ։ Ես միշտ պայքարել եմ քննադատությունների դեմ։ 18 տարեկանում Նասիոնալում դեբյուտիս պահին ինձ քննադատում էին գոլեր բաց թողնելու համար։ Հոլանդիայում՝ ասում էին, թե գեր եմ։ Լիվերպուլում՝ քննադատում էին ոչ կարգապահ պահվածքս։ Բարսելոնայում՝ դժվար շրջանների համար։ Միշտ նույն խնդրի դեմ եմ պայքարել»։
Գուցե՞ դա շարժիչ ուժ էր Ձեզ համար…
«Հնարավոր է։ Գուցե երբեմն այդ վիճակում նույնիսկ հարմարավետ եմ եղել։ Բայց դա այն չէ, ինչը կուզենայի։ Քննադատությունները ինձ երբեք չեն խեղճացրել։ Ես երբեք մարդկանց ցույց չեմ տվել, որ ընկճված եմ քննադատություններից։ Քննադատությունն է միշտ վաճառվել, մարդիկ ուզում են տեսնել մեկին ընկճված, իսկ գովեստի խոսքեր քիչ են ասում։ Բայց ես միշտ ուժ եմ ցույց տվել և դրանով ուժեղացել»։
Իսկ որտեղի՞ց է գալիս այս անհնազանդ ոգին։
«Մանկությունից։ Ես ուտելու բան չունեի և պետք է դուրս գայի մի բան գտնելու՝ որպեսզի ինքներս ուտեինք։ Միշտ այդպես է եղել։ Միշտ պայքարել եմ ամեն ինչի համար։ Ես երբեք ոչինչ հեշտ չեմ ունեցել․ դա ինձ ստիպել է պայքարել մինչև վերջ»։
Եվ դա դրսևորվում էր դաշտում…
«90-րդ րոպեն էր, բայց ես շարունակում էի վազել, պայքարել։ Ինձ համար յուրաքանչյուր րոպեն պայքար է։ Այդ պատճառով չեմ սիրում ժամանակ վատնել»։
Ինչպիսի՞ն էր Ձեր մանկությունը։
«Շատ դժվար։ Մենք վեց եղբայր էինք, և բոլորին կերակրելը ծանր էր։ Ծնողներս բաժանվել էին, մայրս մենակ էր աշխատում առևտրի կենտրոնում՝ զուգարանները մաքրելով։ Ես գնում էի վերցնելու նրա վաստակած գումարը, գնումներ անելու։ 9-10 տարեկան հասակում մաքրում էի մեքենաներ, հավաքում էի օգտագործված հեռախոսային քարտեր և վաճառում դրանք։ Շատ զոհողություններ եմ արել, բայց չեմ զղջում։ Դրանք ինձ իմաստություն տվեցին՝ ապրելու համար»։
Եթե այսօր տեսնեիք այդ 16–17 տարեկան տղային, ի՞նչ կասեիք նրան։
«Կյանքում ամեն ինչ պատահում է ինչ–որ բանի համար։ Այդ տղան պայքարում էր իր երազանքի՝ ֆուտբոլիստ դառնալու համար, և ոչ մի բան հեշտ չի տրվել նրան»։
Կյանքը Ձեզ և Մեսսիին մի պահ միացրեց։ Ինչպե՞ս է փոխվել ձեր հարաբերությունները։
«Տարիների ընթացքում մենք ավելի ու ավելի լավ ճանաչեցինք միմյանց՝ և՛ դաշտում, և՛ դրսում։ Գիտենք, երբ մյուսը խոսելու ցանկություն ունի կամ չունի։ Երեխաները նույնպես շատ ժամեր են միասին անցկացնում։ Դա մի գեղեցիկ փուլ է․ միասին վայելում ենք մեր վերջին տարիները որպես ֆուտբոլիստներ»։

Մեսսին…
«Նա հավերժ է։ Դաշտում անում է անհավանական բաներ և շարունակում է ունենալ նույն հաղթելու մոլուցքը։ Երբ տեսնում ես, որ նա պրեսինգ է անում իր տարիքում, չես կարող չմտածել, որ եթե նա է անում, ինչո՞ւ երիտասարդները նույնպես այդպես չեն խաղում։ Նա օրինակ է բոլորի համար»։
Ձեր անհնազանդությունը դրսում կա՞։
«Ոչ։ Դա միայն դաշտում է։ Տանը, ընտանիքի հետ ես բոլորովին այլ մարդ եմ։ Նրանք անգամ չեն հավատում, որ դաշտում կարող եմ բղավել։ Երբեմն փորձել եմ փոխվել, բայց դաշտում իմ էությունը միշտ հաղթել է»։
Հիմա հետևո՞ւմ եք Բարսելոնային։
«Այո, անընդհատ։ Մարդը չի դադարում սիրել այդ ակումբը։ Մենք տուն ունենք Բարսելոնայում և պլանավորում ենք մի օր վերադառնալ։ Այն մեզ տվել է շատ բան, և մենք այնտեղ մեզ միշտ տանն ենք զգացել»։
Դուք տեսնու՞մ եք ձեր վերադարձը Բարսելոնա։
«Այո, ես դա երբեք չեմ թաքցրել։ Երեխաներս այնտեղ են մեծացել, մենք մեզ այն քաղաքում միշտ զգացել ենք ինչպես տանը։ Ճիշտ ժամանակը, ճիշտ ձևը… ամեն ինչ իր ընթացքն ունի։ Բայց այո, ես կցանկանայի մի օր վերադառնալ։ Բարսան միշտ իմ ընտանիքի մի մասն է լինելու»։
«Եվ մինչ այդ, վայելում եմ այս փուլը այստեղ՝ Մայամիում։ Հայտնվում ես մարզադաշտում, նայում ես Լեոյին և մտածում. «Ի՜նչ հետաքրքիր է կյանքը… մենք անում ենք այն, ինչի մասին խոսում էինք դեռ Բարսելոնայում՝ վայելել վերջին տարիները միասին»։ Եվ դա անգին է»։
Բարսայում Ձեր ժամանակաշրջանը շատ հետաքրքիր պահեր ունեցավ, դրանք հիանալի պահեր էին։ Հիշո՞ւմ եք որևէ հատուկ պահ, որը դաջվված է Ձեր մտքում, և նաև մյուս մասը՝ բացասականը։
«Սկսենք բացասականից. ես ապրել եմ մի քանի բացասական շրջան։ Ֆուտբոլիստը երբեմն համառ է և չի ճանաչում վատ պահերը։ Երբ հյուրընկալվելիս գոլեր չէի խփում, ես նույնպես զայրացնում էի ինքս ինձ։ Հետո դա մի գունդ է, որը սկսում է մեծանալ և ազդել քեզ վրա, որքան էլ որ չցանկանաս։ Ցանկանում էի ցույց տալ այն ուժը, որի մասին պատմեցի սկզբում։ Դա բարդ պահ էր, բայց հետո ես մի ասացվածք ունեմ, մի արտահայտություն, որ Բարսելոնան, իրականում Եվրոպան, Ատլետիկոյում ևս նույնն էր, պահանջում է, որ ամեն երեք օրը, ամեն խաղը դու պետք է արդյունք ցույց տաս»։

Նրանք հիշողություն չունեն…
«Այնտեղ անընդհատ ճնշում կա՝ փորձելու յուրաքանչյուր խաղում 7-ից 10-ի միջև արդյունք ցույց տալ, որ եթե թույլ տաս, որ իջնի 5-ի, մարդիկ արդեն սկսում են կասկածել, ասելով, որայս խաղը ձախողեց։ Հաջորդ խաղում խփում ես երկու կամ երեք գոլ՝ կատարյալ, 8, 9, 10, կատարյալ, «որքան լավն էր»՝ ասում են։ Եթե հաջորդ խաղում գոլ չես խփում, և հաջորդում նույնպես, արդեն երկուս խաղ ես առանց գոլի։ Բարսելոնան պահանջում է, որ դու լավը լինես ամեն երեք կամ չորս օրը։ Եվ երբեմն մարդիկ պետք է հասկանան, որ դժվար է հասնել Բարսելոնա, բայց ամենադժվարը երկար տարիներին մնալն է։ Ես հասա այդ մակարդակին՝ իմ խփած գոլերով, պետք է հպարտ զգամ ինձ։ Երբեմն մարդիկ ասում են. «Ահ, նա մի լավ տարի ունեցավ»։ Ես, բարեբախտաբար, կարող եմ ասել, որ իմ տարիները Բարսելոնայում բոլորը լավն էին, գուցե որոշ վերապահումներով»։
Հեշտ չէ…
«Երբեմն, երբ խոսում եմ Ռոնալդ Արաուխոյի հետ, երբ գոլեր է խփում կամ երբ ինչ-որ բան է շահում, ասում եմ նրան՝ հիշիր, մարդիկ հիշողություն չունեն, և ամեն երեք օրը նրանք նույն կերպ կպահանջեն քեզանից, և այդպես է լինում նրա հետ։ Նա պետք է ամեն խաղում գերքզանց արդյունք ցույց տա, քանի որ հակառակ դեպքում մարդիկ արդեն կպահանջեն նրանից։ Դա այն է, ինչ պահանջում է Բարսելոնան, Ռեալ Մադրիդը, Ատլետիկոն․ լինել բարձր մակարդակի վրա և անընդհատ»։
Եվ նա ի վիճակի՞ է դիմանալու այդ ճնշմանը։
«Կախված է նրանից։ Քննադատությունը մշտական է, անընդհատ։ Այն, ինչ ասացի սկզբում, որ քննադատությունն ավելի շատ է վաճառվում, քան գովեստը։ Գովեստը երբեմն գեղեցիկ է, բայց մարդիկ ավելի շատ են գնում քննադատությունը»։
Մի փոքր խոսեք MLS-ի մասին, ի՞նչպես եք զգում Ձեզ, ի՞նչն է, ըստ Ձեզ, լավագույնը, ի՞նչը՝ վատագույնը, չգիտեմ, միգուցե ճամփորդություննե՞րն են։
«Դե, ճիշտն ասած, ինձ մի փոքր զարմացրեց այդքան շատ ճամփորդությունների, այդքան շատ խաղերի հարցը, բայց նաև այն պատճառով, որ մենք հենց այն ժամանակահատվածում էինք, երբ մեր ակումբը որակավորվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի, Լիգայի Գավաթի, Աշխարհի ակումբային առաջնության համար՝ միշտ հասնելով եզրափակիչ փուլերին, և դա քեզ ստիպում է շատ ճամփորդել։ Ճամփորդությունները երկար են, նվազագույնը երկու ժամ թռիչք, բայց դե, մենք սովոր ենք այդ ամենին։ Բողոք չկա, ընդհակառակը՝ փորձում ենք վայելել այն, ինչ մնում է»։

Իսկ MLS-ը որպես մրցաշար։
«Երբեմն թվում է, թե մարդիկ թերագնահատում են այն, բայց մրցելու ժամանակ արդյունքները տեսանելի են։ Հեշտ չէ հաղթել խաղերում, բոլոր խաղերը դժվար են լինում մեզ համար։ Մենք պարտվել ենք վերջի տեղում գտնվող թիմին և հաղթել ենք առաջինին։ Մրցակիցների համար մեր դեմ խաղալը տարվա խաղն է՝ իրենց ցուցադրելու, ամենուր երևալու օրը։ Այսպես են նրանք մոտենում դրան։ Անցյալ տարի մենք առաջին տեղով ավարտեցինք փլեյ-օֆֆերում և պարտվեցինք ութերորդ տեղը զբաղեցրածին։ Դա պարզ ցույց է տալիս, որ ոչինչ հեշտ չէ»։
