
Լևանդովսկին անկեղծացել է
Ռոբերտ Լևանդովսկին վերջին օրերին Բարսելոնայում մեծ քննարկման թեմա է դարձել, հատկապես այն բանի համար, որ հարձակվողը այս մրցաշրջանում դեռևս մեկնարկային կազմում չի հայտնվել։
Մալյորկայի դեմ առաջին խաղը վնասվածքի պատճառով բաց թողնելուց հետո, Լևանդովսկին երկրորդ խաղում՝ Լևանտեի դեմ, միայն փոխարինման դուրս եկավ։
Վերադառնալուց հետո բոլորը սպասում էին, որ նա Ռայո Վալյեկանոյի դեմ խաղը մեկնարկային կազմում կսկսի, սակայն Հանսի Ֆլիկը նախընտրեց խաղը սկսել լավ մարզավիճակում գտնվող Ֆեռան Տոռեսով։
Լևանդովսկին՝ իր խաղաժամանակի մասին
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ վերջին ասուլիսում Լևանդովսկին խոսել է Բարսելոնա վերադառնալու և մրցաշրջանի սկզբում խաղաժամանակի պակասի մասին․
«Եկե՛ք ինքներս մեզ չխաբենք․ ես երկու շաբաթ շարքից դուրս եմ եղել վնասվածքի պատճառով։ Բայց մրցաշրջանը նոր է սկսվել, և այն շատ երկար է։ Ինձ վրա ճնշում չկար՝ որքան հնարավոր է շուտ ավելի շատ րոպեներ խաղալու համար»,– ասաց նա։
«Օգոստոսը իդեալական ամիս էր ռիթմի մեջ մտնելու համար։ Ամեն ինչ սկսվում է սեպտեմբերից, ուստի գիտեի, որ պետք է հանգստորեն մոտենայի, չշտապեի։ Մրցաշրջանը երկար է, պետք է դրան ամբողջությամբ նայել։ Բայց ուրախ եմ, որ 100%-ով առողջ եմ»,– հավելեց նա։
Կարծես թե Լևանդովսկին սպասում է, որ միջազգային ընդմիջումից հետո ամեն ինչ կվերադառնա բնականոն հունին և նա կրկին կդառնա Բարսայի հիմնական հարձակվողը Ֆեռանի փոխարեն։
«Կտեսնենք, թե ինչպես կզգամ ինձ և ինչ ինտենսիվություն կունենան խաղերը։ Սպասում եմ, որ սեզոնի մեկնարկը նույնքան դժվար կլինի, որքան անցած տարի, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Ես նախընտրում եմ կենտրոնանալ որակի, ոչ թե քանակի վրա։ Գիտեմ, որ ինտենսիվությունը բարձր է, ուստի բոլորս էլ հանգստի կարիք կունենանք»,– նշեց նա։
Լևանդովսկին՝ Լեհաստանի ավագության և Պրոբյեժի մասին
Փորձառու հարձակվողի ամառը բավականին հագեցած էր։ Ամեն ինչ սկսվեց ազգային հավաքականի մարզիչ Միխալ Պրոբյեժի հետ ունեցած լարվածությունից։
Ավագի ժապավենից զրկվելուց հետո Լևանդովսկին անակնկալ հայտարարեց միջազգային կարիերայի ավարտի մասին։ Սա հանգեցրեց նրան, որ Պրոբյեժը հրաժարական տվեց, իսկ Լևանդովսկին վերադարձավ ու կրկին դարձավ ավագ՝ այս անգամ նոր մարզիչ Յան Ուրբանի ձեռքի տակ։
«Սա ճիշտ ժամանակը չէ՝ պատմելու, թե հունիսին ինչ եղավ, բայց մարդկային տեսանկյունից հեշտ չէր։ Սկիզբը մի փոքր դժվար էր հուզական առումով, բայց ամեն օր երկրպագուների աջակցությունն էի ստանում․ դա ինձ համար յուրահատուկ էր։ Շատ շնորհակալ եմ նրանց»,– ասաց նա։
Անդրադառնալով Լեհաստանի հավաքական վերադարձին՝ Լևանդովսկին ընդգծեց, որ ուրախ է և պատրաստ է նորից պայքարել իր երկրի համար․
«Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է նշանակում Լեհաստանի հավաքականին միանալը։ Ես նույնքան երջանիկ եմ, որ հիմա հավաքականում եմ։ Հասկանում ենք մեր իրավիճակը, ինչ է եղել, հատկապես դաշտում, որովհետև դա ամենակարևորն է։ Պետք է որոշ բաներ թողնենք անցյալում և կենտրոնանանք ապագայի վրա։ Ես գոհ չէի, որովհետև յուրաքանչյուր մարզչի փոփոխություն նաև ինչ-որ մեկի ձախողումն է»,– ասաց նա։
«Այս թեման արդեն քննարկվել է, ես արտահայտել եմ իմ կարծիքը։ Ավելացնելու ոչինչ չունեմ ու ուզում եմ կենտրոնանալ հաջորդ քայլերի վրա»,– հավելեց նա։
Լևանդովսկին մեծ դեր կունենա Լեհաստանի հավաքականի կազմում՝ առաջիկա միջազգային ընդմիջման ընթացքում Նիդերլանդների և Ֆինլանդիայի դեմ հանդիպումներում։
«Կարծում եմ՝ առաջիկա երկու խաղում մենք ոչ միայն լավ կխաղանք, այլև միավորներ կվաստակենք․ դա մեր նպատակի մի մասն է։ Խոսքը ընտրական խաղերի մասին է, ու մենք մտածում ենք միայն Աշխարհի գավաթի որակավորման մասին»,– եզրափակեց նա։