
Լապորտան զայրացած է
Բարսելոնայի և Մարկ-Անդրե տեր Շտեգենի միջև կոնֆլիկտը գնալով խորանում է և կարող է հասնել փակուղու, քանի որ կողմերից ոչ մեկն առայժմ պատրաստ չէ բանակցություններ սկսել։ Դարպասապահի և ակումբի միջև դիմակայությունը շարունակվում է, և կա մեծ հավանականություն, որ այն կավարտվի դատարանում։
Ըստ AS-ի՝ Տեր Շտեգենի գործողությունները զայրացրել են Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտային, ով կարծում է, որ ակումբի ավագը գործել է ոչ բարեխղճորեն։
Հիշեցնենք, որ դարպասապահն անցած ամիս մեջքի երկրորդ վիրահատություն է տարել՝ նախապես սոցցանցերում հայտարարելով, որ իր վերականգնումը կտևի երեք ամիս։ Բարսայում սպասում են, որ վերականգնման պրոցեսն ավելի երկար կտևի և ցանկանում են նրա երկարաժամկետ բացակայության շնորհիվ ազատված աշխատավարձային տեղն օգտագործել Ժոան Գարսիային գրանցելու համար։
Սակայն Տեր Շտեգենը հրաժարվել է ստորագրել Լա Լիգայի բժշկական հանձնաժողովին իր բժշկական եզրակացությունը տրամադրելու համաձայնագիրը։ Հենց այդ հանձնաժողովը պետք է որոշի նրա բացակայության տևողությունը և թույլատրի Բարսային օգտագործել նրա բացակայությունը՝ այլ խաղացողների գրանցելու համար։
Այս քայլի պատճառով Լապորտան զայրացած է Տեր Շտեգենի վրա՝ կարծելով, որ նա դիտավորյալ կերպով խոչընդոտում է Ժոան Գարսիայի գրանցման գործընթացին։
Իրավաբաններն անցել են գործի
Թեև Բարսելոնան սկզբում բաց էր Տեր Շտեգենի հետ հանդիպում անցկացնելու համար, այժմ այդ դիրքորոշումը փոխվել է։ Ակումբը որոշել է այլևս բանակցություններ չնախաձեռնել։ Եթե ֆուտբոլիստը ցանկանա երկխոսություն սկսել, իրենք պատրաստ են լսել, սակայն առաջին քայլը չեն անի։
Միևնույն ժամանակ, Բարսելոնայի իրավաբանական բաժինն այժմ աշխատում է երկու ուղղությամբ. նախ՝ պարզել, թե արդյոք ֆուտբոլիստը պայմանագրով իրավունք ունի հրաժարվել համաձայնագիրը ստորագրելուց, և երկրորդ՝ կարգապահական վարույթ սկսել։
Կատալոնական ակումբը կարգապահական գործ է հարուցել Տեր Շտեգենի դեմ, և կողմերի միջև բոլոր հաղորդակցման ուղիները խզված են։ Քիչ հավանական է, որ նա նորից խաղա ակումբի կազմում, նույնիսկ վերականգնվելուց հետո։