Լապորտա. «Նրանք վրդովված էին՝ գիտակցելով մեր գերազանցությունը»
Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչի ամենաքննարկվող դրվագներից մեկը Կիլիան Մբապեի պահվածքն էր։ Ըստ Esport3-ի տեղեկությունների՝ ֆրանսիացին Ռեալ Մադրիդի իր թիմակիցներին հորդորում էր լքել խաղադաշտը, որպեսզի ստիպված չլինեն ականատես լինել, թե ինչպես են կապտանռնագույնները բարձրացնում գավաթը: Այս ժեստը լայնորեն տարածվեց համացանցում և դուր չեկավ շատերին, այդ թվում՝ Մադրիդի հենց իր թիմակիցներից ոմանց, ինչպես նաև քննադատության արժանացավ Բարսայի նախագահ Ժոան Լապորտայի կողմից:
RAC1-ի հետ զրույցի ընթացքում Լապորտան բացահայտորեն հարցականի տակ դրեց ֆրանսիացի հարձակվողի հարգանքը՝ ասելով. «Ես զարմացած էի Մբապեի արարքից: Թե՛ հաղթանակի, թե՛ պարտության ժամանակ պետք է լինել վեհանձն և հարգալից: Սա սպորտ է, և պետք է դրսևորել նորմալ պահվածք: Կարծում եմ՝ մենք վեհանձն գտնվեցինք հաղթանակի մեջ և հարգանք ցուցաբերեցինք մրցակցի նկատմամբ, այդ իսկ պատճառով չեմ կարողանում հասկանալ նրա արարքը»:
Բարսայի նախագահը նաև ենթադրեց, որ Մադրիդի հիասթափությունը բխում էր խաղադաշտում տեղի ունեցածից. «Այնպիսի զգացողություն ունեմ, որ նրանք վրդովված էին՝ գիտակցելով մեր գերազանցությունը: Հոգու խորքում նրանք հավանաբար արդեն զգում էին, որ մենք հաղթելու ավելի մեծ շանսեր ունենք, բայց դրանում համոզվեցին հենց խաղադաշտում: Իսկ դա դժվար է ընդունել, քանի որ տեսնում ես իրականությունը»։ Բարսայի նախագահը հարցազրույցում խոսել է նաև ակումբի ներկա վիճակից։

Գովեստի խոսքեր Ֆլիկի և Ռաֆինյայի հասցեին
Լապորտան մեծ գովեստով է արտահայտվել Հանսի Ֆլիկի կատարած աշխատանքի մասին՝ ընդգծելով նրա կարողությունը՝ քաղելու առավելագույնը կազմից, և այն ամուր կապը, որը նա ստեղծել է ակումբի հետ: «Հուսով եմ՝ նա կմնա դեռ շատ մրցաշրջաններ»,— ասել է նա (ըստ SPORT-ի): «Երկրպագուներին հորդորում եմ՝ հանգիստ եղեք, քանի որ նա դեռ մի քանի տարվա պայմանագիր ունի: Բայց ամենակարևորն այն է, որ Հանսի Ֆլիկի պայմանագիրը կնքված է ի սրտե՝ այն կապի շնորհիվ, որ նա ստեղծել է ակումբի և Բարսելոնա քաղաքի հետ, որտեղ իրեն շատ հարմարավետ է զգում»:
Ակումբի նախագահը գովեստի խոսքեր է ասել նաև Ռաֆինյայի մասին, ով վերջին 18 ամիսների ընթացքում բոլորովին նոր մակարդակի է հասել. «Որոշ խաղացողների ժամանակ է պետք: Նա արդեն իսկ հիանալի խաղացող էր Պրեմիեր լիգայում և ունի առաջնորդի ոգի»,— պարզաբանել է Լապորտան: «Երեկ նա ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող և ինձ պարգևեց առավելագույն էյֆորիայի պահեր»:
Լապորտան անդրադարձել է նաև հունվարյան տրանսֆերային պատուհանի ծրագրերին, որտեղ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապագան դարձել է քննարկման հիմնական թեմա: Թիմի ավագն այժմ փաստացի հանդիսանում է երրորդ դարպասապահը և լուրեր են շրջանառվում նրա հնարավոր վարձակալության մասին, որպեսզի նա կարողանա կանոնավոր խաղաժամանակ ստանալ Աշխարհի առաջնությունից առաջ: «Տեր Շտեգենը պայմանագիր ունի, և եթե նա երջանիկ է ու ցանկանում է մնալ, ապա նա կլինի մեզ հետ»,— ասել է Լապորտան՝ շեշտելով, որ դիրքը լավ համալրված է:
