
Լա Մասիայում հերթական աստղն է մեծանում
Բարսելոնայի ակադեմիայի հերթական աստղի՝ Պեդրո Ֆերնանդես Սարմիենտոյի (ավելի հայտնի է «Դրո» մականվամբ) շուրջ հետաքրքրությունը գնալով աճում է։ 18-ամյա կիսապաշտպանը հիացնում է իր տեխնիկայով, խելացի տեղաշարժով և խաղի ընթերցման բացառիկ ունակությամբ։ Թեև նա դեռ չի հայտնվել հիմնական կազմում, արդեն իսկ համարվում է Լա Մասիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Ինչպես հայտնում է SPORT-ը, Պեդրոյի նախկին մարզիչները նրան համեմատում են ոչ ավել, ոչ պակաս՝ Անդրես Ինիեստայի հետ՝ շեշտելով, որ այս պատանին ունի խաղադաշտում այնպիսի սառնասրտություն, ոճ ու մտածողություն, որը հազվադեպ է հանդիպում անգամ փորձառու խաղացողների մոտ։ Մեկը նույնիսկ նշել է․ «Պեդրոն ունի Տիագո Ալկանտարայի տեխնիկական մակարդակը, բայց խաղի տեսլականով նույնիսկ գերազանցում է նրան»։
⌚️ Min 79: Uiiii Dro!! Mendy ha evitat el gol amb una bona mà! (1-0) pic.twitter.com/OoUoTE1gUm
— Barça Atlètic (@FCBarcelonaB) August 10, 2024
Բազմաթիվ մասնագետներ վստահ են, որ Դրոն ունակ է դառնալ Բարսելոնայի ապագա շարժիչ ուժը, մի ֆուտբոլիստ, որի շուրջ կարելի է կառուցել թիմի նոր փիլիսոփայությունը։ Նրա առավելություններից են գնդակի փայլուն կառավարումը, արագ որոշումներ կայացնելու կարողությունը և դաշտում տարածքի անսխալ ընկալումը։ Լա Մասիայի ներսում նրան արդեն անվանում են առաջնորդի բնավորությամբ խաղացող՝ չնայած իր երիտասարդ տարիքին։
Այս ամենի ֆոնին չի բացառվում, որ առաջիկա մրցաշրջանում Պեդրո Ֆերնանդես Սարմիենտոն արդեն հնարավորություն ստանա հանդես գալու «Բարսելոնա Աթլետիկում» կամ անգամ ընդգրկվի առաջին թիմի մարզումային հավաքների կազմում։ Ակումբում մեծ հույսեր են կապում նրա հետ, և եթե նա շարունակի նույն տեմպով զարգանալ, ապա կարող է դառնալ հաջորդ սերնդի խորհրդանիշը կատալոնական գրանդում։
Ավելի վաղ պատմել էինք՝ Բարսելոնայի մեկ այլ տաղանդ վնասվածք է ստացել։