
Ի՞նչ շահ կունենա Բարսելոնան Վիլյառեալի դեմ խաղից
Ինչպես արդեն պատմել էինք՝ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հաստատմամբ՝ Վիլյառեալ – Բարսելոնա հանդիպումը Լա Լիգա EA SPORTS-ի 17-րդ տուրի շրջանակում կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, Հարդ Ռոք ստադիոնում։
Իսպանական SPORT-ի տեղեկություններով, երկու ակումբներն էլ խաղի տեղափոխությունից կստանան 5-ից 6 միլիոն եվրո եկամուտ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիլյառեալը կստանա փոքր-ինչ ավելի մեծ գումար՝ որպես փոխհատուցում սեփական մարզադաշտում տոմսերի վաճառքից հնարավոր կորուստների դիմաց։
Թեև 5 միլիոն եվրոն Բարսելոնայի համար մեծ ֆինանսական փրկօղակ չէ, այնուամենայնիվ, սա կարևոր լրացում է ակումբի բյուջեում՝ հատկապես ձմեռային տրանսֆերային պատուհանի նախաշեմին։
Հաղորդվում է, որ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ կատալոնական թիմը դիտարկում է ձմռանը նոր պաշտպան ձեռք բերելու տարբերակը, և այս եկամուտը կարող է օգնել այդ գործընթացում։
Այս հանդիպումը պատմական է լինելու՝ որպես Լա Լիգայի առաջին պաշտոնական խաղը, որը կանցկացվի Իսպանիայից դուրս, ինչը, ըստ դիտորդների, կարող է նախադեպ ստեղծել առաջնության միջազգային ընդլայնման համար։