Ի՞նչ դերում հանդես կգա Էրիկ Գարսիան Չելսիի դեմ դիմակայությունում
Սթեմֆորդ Բրիջի մամուլի սրահում իր ելույթի ընթացքում Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը չժխտեց այն տարբերակը, որ Էրիկ Գարսիան կարող է կրկին խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ անցյալ շաբաթ Աթլետիկի դեմ այդ դիրքում ունեցած իր մեծ հաջողությունից հետո։
«Կարող է պատահել, որ նա կրկին խաղա կիսապաշտպանությունում։ Մենք այդ դիրքում ունենք մի քանի տարբերակ, և Էրիկը կարող է լինել դրանցից մեկը։ Մենք դա կտեսնենք վաղը»,- նշել է Ֆլիկը՝ 100 տոկոսով չհաստատելով, արդյոք Էրիկը հանդես կգա կիսապաշտպանությունում, թե պաշտպանությունում։
«Նա շատ լավ խաղաց Աթլետիկի դեմ․ նա շատ գնդակներ վերադարձրեց և գոլային պահեր ստեղծեց։ Ես շատ հպարտ եմ նրանով», – ընդգծել է մարզիչը։
Ինչպես գրում է Mundo Deportivo-ն, եթե Էրիկը շարունակի մնալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, ապա՝ հաշվի առնելով Դե Յոնգի վերադարձը Աթլետիկի դեմ որակազրկումից հետո՝ Ֆերմինն ու Օլմոն կպայքարեն կիսապաշտպանության երրորդ տեղի համար։
Եթե Ֆլիկը որոշի Էրիկին պահել հենակետայինի դիրքում, նրանց թիկունքում շատ օգտակար կլինի Արաուխոն, ով Աթլետիկի դեմ պահեստայինների նստարանին էր՝ երկար ճանապարհորդությունից հետո։ Նա, ամենայն հավանականությամբ, պաշտպանությունում կհամատեղի խաղը Կուբարսիի հետ՝ կազմելով պաշտպանության առանցքը։
