ad-banner-1
Հանսի Ֆլիկ–Բարսա–Բարսելոնա

Հանսի Ֆլիկի կոշտ քննադատությունը Բարսելոնայի խաղացողների հասցեին

Բարսելոնան Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկեց հաղթական՝ 3-0 հաշվով առավելության հասնելով Մայորկայի նկատմամբ։ Թեև արդյունքը թվացյալ լավն էր, սակայն գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի համար թիմի խաղը հեռու էր բավարար լինելուց։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Հետխաղյա ասուլիսում գերմանացի մասնագետը արդեն ակնարկել էր, որ դժգոհ է թիմի կատարողականից, հատկապես այն պահից, երբ մրցակցին երկու կարմիր քարտ տրվեց, իսկ Բարսան կորցրեց խաղային կարգապահությունը։

Իսպանական SPORT-ի տեղեկացմամբ՝ Ֆլիկը հանդերձարանում պայթել է զայրույթից՝ հայտարարելով, որ նման մակարդակով թիմը նույնիսկ չի կարողանա նվաճել Լա Լիգան։

Ֆլիկը հստակ ուղերձ է հղել իր խաղացողներին․ նա շեշտել է, որ միայն անուններով և տեխնիկական որակներով հնարավոր չէ հաջողության հասնել։ Նրա պահանջը մեկն էր՝ ինտենսիվություն, կենտրոնացում և ֆիզիկական սրություն։ Առանց այս բաղադրիչների, ըստ մարզչի, Բարսելոնան չի կարող մրցել եվրոպական գրանդների հետ։

Ֆլիկը նույնիսկ համեմատություն է անցկացրել Բավարիայի հետ․ սեքսթապլ նվաճելուց հետո մյունխենյան թիմը կորցրեց քաղցը և հաջորդ մրցաշրջանում սահմանափակվեց միայն Բունդեսլիգայով։

Գերմանացի մասնագետը նաև ընդգծել է, որ առաջնության ելքը կարող է որոշվել հենց առաջին փուլերում, ուստի Բարսելոնան չի կարող իրեն թույլ տալ անտեղի միավորներ կորցնել։

Միաժամանակ Ֆլիկը հստակեցրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է արմատական փոփոխությունների։ Նա արդեն ցույց է տվել իր վճռականությունը՝ անսպասելիորեն աջակողմյան պաշտպանությունը Էրիկ Գարսիային վստահելով Մայորկայի դեմ խաղում։

Չնայած կոշտ քննադատությանը, Ֆլիկը շարունակում է հավատալ իր թիմին․ ըստ նրա՝ Բարսելոնան կարող է ամեն ինչ նվաճել, եթե խաղա իր հնարավորությունների 100%-ով։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել