Ֆլիկը զայրացրել է Լապորտային՝ ֆուտբոլիստին խաղաժամանակ չտրամադրելով
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը քննադատության է ենթարկվում խաղացողների սահմանափակ կիրառման համար, իսկ ակումբի նախագահ Ժոան Լապորտան և ղեկավարության մի մասը չեն հասկանում, թե ինչու է «կապտանռնագույնների» կիսապաշտպաններից մեկը մնում առանց խաղային պրակտիկայի, հաղորդում է Sport-ը։
Խոսքը Մարկ Բերնալի մասին է, որն ապաքինվել է ծնկի լուրջ վնասվածքից և 100 տոկոսով պատրաստ է մասնակցելու թիմերի խաղերին։ Այնուամենայնիվ, Ֆլիկը նրան գրեթե խաղաժամանակ չի տրամադրում՝ նախապատվությունը տալով այլ ֆուտբոլիստների, նույնիսկ եթե վերջիններիս ելույթները տպավորիչ չեն։
Այս մրցաշրջանում Բերնալը մասնակցել է ընդամենը վեց հանդիպման՝ յուրաքանչյուրում խաղալով 15 րոպեից ոչ ավելի։ Հնարավոր է՝ մարզիչը պաշտպանում է խաղացողին վնասվածքի կրկնությունից, ինչպես դա տեղի ունեցավ ավելի վաղ Գավիի հետ։
Հաշվի առնելով դաշտի կենտրոնում առկա կադրային խնդիրները՝ Բերնալը կարող էր օգնել թիմին, սակայն Ֆլիկի որոշումները կասկածի տակ են դնում նրա դերը Բարսելոնայում։ Պարզ չէ՝ արդյոք դա կապված է բացառապես ֆիզիկական վիճակի՞, թե՞ մարզական պատճառների հետ, ինչը կարող է ազդել խաղացողի ապագայի վրա։
