
Ֆլիկը զայրացած է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի արարքներից
Լամին Յամալի վնասվածքը, որը նրան դուրս է թողնում վաղվա Լա Լիգայի խաղից Վալենսիայի դեմ և հնարավոր է՝ նաև հաջորդ շաբաթ Չեմպիոնների լիգայում Նյուքասլի դեմ հանդիպումից, զայրույթ է առաջացրել Բարսելոնայի «ներքին խոհանոցում»։
Կատալոնական ակումբը մեղադրում է Իսպանիայի հավաքականին և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF), ինչն ակնհայտ էր ասուլիսի ժամանակ մարզիչ Հանսի Ֆլիկի հնչեցրած խոսքերից։ Գերմանացի մասնագետը պնդեց, որ Լամինը ցավեր ուներ դեռևս հավաքականին միանալու նախօրեին, սակայն Լուիս դե լա Ֆուենտեն նրան երկու խաղերում էլ դաշտ դուրս բերեց ավելի քան 70 րոպե։
RFEF․ Բարսելոնան մեզ հետ կապ չի հաստատել Լամին Յամալի հարցով։ Լրագրող Ալֆրեդո Մարտինեսի փոխանցմամբ՝ RFEF-ը պնդում է, որ Բարսելոնան երբեք կապի դուրս չի եկել իրենց հետ՝ տեղեկացնելու Լամին Յամալի ցավերի կամ անհանգստության մասին։
Ֆեդերացիայի խոսքերով՝ Բարսելոնան չի հայտնել, որ 18-ամյա տաղանդը խնդիր ունի Բուլղարիայի և Թուրքիայի դեմ Իսպանիայի խաղերից առաջ։ Բացի այդ, RFEF-ն ընդգծում է՝ եթե հավաքականի բժիշկները որևէ խնդիր կամ անհանգստություն նկատեին, Լա Մասիայի տաղանդը ընդհանրապես չէր խաղա ազգային թիմում։
Ամեն դեպքում, իրավիճակը մտահոգություն է առաջացնում՝ կապված հավաքականում խաղացողների կառավարման և RFEF-ի, Իսպանիայի մարզչական շտաբի ու Բարսելոնայի միջև հաղորդակցության հետ։
Ինչ վերաբերում է Լամինին, ապա, ինչպես արդեն նշվեց, նա բաց կթողնի վաղվա խաղը Վալենսիայի դեմ և գրեթե վստահաբար չի խաղա նաև հաջորդ հինգշաբթի Նյուքասլի դեմ Անգլիայում։