ad-banner-1
Հանսի Ֆլիկ–Բարսա–Բարսելոնա

Ֆլիկը խոսել է Ժերար Մարտինի, Ֆորտի, Ռեշֆորդի և Կուբարսիի մասին

Ասիական շրջագայության վերջին խաղում Դեգու ՖԱ-ի նկատմամբ 5-0 հաշվով վստահ հաղթանակ տանելուց հետո Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը զրուցել է լրագրողների հետ՝ ամփոփելով թիմի վիճակն ու առանձին ֆուտբոլիստների ելույթները։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Գերմանացի մասնագետը գոհունակություն է հայտնել թիմի տրամադրվածությունից, «Լա Մասիայի» սաների ներդրումից և թիմի ճկունության կարևորությունից։
Ֆլիկը հատկապես գոհ էր երիտասարդ խաղացողների ներգրավվածությունից։ «Շատ կարևոր է «Լա Մասիայից» այսպիսի ֆուտբոլիստներ ունենալը», – ասել է նա։ «Այս երեք հանդիպումներում մենք կարողացանք գրեթե բոլոր խաղացողներին 45 րոպե խաղաժամանակ տրամադրել։ Ես շատ գոհ եմ. ֆուտբոլիստները ցույց տվեցին իրենց բնավորությունը, իսկ դա հեշտ չէր՝ հաշվի առնելով եղանակային պայմանները»։

Մարզիչը հաստատել է, որ թիմն այժմ կվերադառնա Բարսելոնա, երկու օր կհանգստանա և մարզումները կվերսկսի հինգշաբթի օրը, քանի որ ուշադրությունը կենտրոնանալու է Գամպերի գավաթի և Լա Լիգայի վրա։

Ֆլիկը՝ Ժերար Մարտինի և Ռեշֆորդի մասին

Հարցին, թե ինչ կասի Ժերար Մարտինի մասին, ով շրջագայության ընթացքում տպավորել է՝ հարմարվելով կենտրոնական պաշտպանի դերին, Ֆլիկը բարձր է գնահատել նրա ունիվերսալությունը։

«Նա կարող է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում, և դա մեզ ավելի շատ տարբերակներ է տալիս։ Նա կարող է հանդես գալ նաև եզրային պաշտպանի դիրքում։ Լավ է ավելի շատ տարբերակներ ունենալ, քանի որ նա կարող է մեզ օգնել ամբողջ մրցաշրջանի ընթացքում

Ըստ Ֆլիկի՝ այս դիրքային փորձարկումը հիշեցնում է Էրիկ Գարսիայի հետ կատարված նմանատիպ փորձարկումները և ցույց է տալիս, որ մարզիչը դեռ գնահատում է լավագույն խաղակցությունները՝ նախքան մրցաշրջանի պաշտոնական մեկնարկը։

Պոլ Միլլեր/Getty Images

Անդրադառնալով Մարկուս Ռեշֆորդին, ով խաղի ընթացքում խփեց իր առաջին գոլն ակումբի կազմում, Ֆլիկն ընդգծել է նրա տակտիկական ճկունությունը։
«Նա կարող է խաղալ և՛ 9, և՛ 11 համարի դիրքում։ Մենք փոխեցինք նրա դիրքը, քանի որ պետք է զգույշ լինեինք Ֆեռանի հետ։ Ցանկանում էինք տեսնել, թե ինչպես նա կհարմարվի այդ դիրքին»։

Վերջում Ֆլիկը կարճ անդրադարձել է նաև Հեկտոր Ֆորտին և Կոչենին խաղաժամանակ տրամադրելուն։
«Այդ մասին ասելիք շատ բան չկա։ Մենք 26 խաղացող ունենք, չորս դարպասապահ։ Ես գոհ եմ տեսածիցս. Հեկտորը նախորդ օրը խաղաց և իրեն լավ դրսևորեց։ Նրանք լավ են մարզվել, և ինձ համար ասիական շրջագայությունը նախամրցաշրջանային շատ կարևոր փուլ էր»։

Ի վերջո, մարզիչը հաստատել է, որ Պաու Կուբարսիի հետ ամեն ինչ կարգին է, և լուրջ ոչինչ չկա։ «Նա լավ է, դա ընդամենը թեթև հարված էր»։

Աղբյուր՝ AS:

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել