
Ֆլիկը ռիսկի չի դիմում․ Բեռնալի վերադարձի ժամկետները դեռ հստակ չեն
Բարսելոնայի երիտասարդ տաղանդ Մարկ Բեռնալը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին և թիմի հետ գտնվում է ասիական շրջագայությանը։ Սակայն մարզչական շտաբը չի շտապում նրան խաղադաշտ վերադարձնել՝ որդեգրելով առավելագույն զգուշավորության քաղաքականություն։
Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել գրեթե մեկ տարի։ Նա 2024 թվականի օգոստոսին, Ռայո Վալեկանոյի դեմ խաղում, ստացել էր խաչաձև կապանների լուրջ վնասվածք։ Դա հիմնական թիմի կազմում նրա ընդամենը երրորդ պաշտոնական հանդիպումն էր։
Բեռնալի վերադարձը հնարավոր է Գամպերի գավաթի խաղում
Ըստ Mundo Deportivo-ի՝ թեև ֆուտբոլիստը մոտենում է այն ֆիզիկական մակարդակին, որն ուներ մինչև վնասվածքը, Հանսի Ֆլիկը և նրա շտաբը մտադիր են շատ զգուշորեն կառավարել նրա վերադարձի գործընթացը։ Երիտասարդ տաղանդի հարցում որդեգրվել է հստակ սկզբունք՝ «ոչ մի շտապողականություն»։
Այդ իսկ պատճառով Բեռնալը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հարավային Կորեայում կայանալիք առաջիկա հանդիպումները։
Ակումբի աղբյուրների համաձայն՝ լավագույն դեպքում նա կարող է մի քանի րոպե խաղալ օգոստոսի 10-ին՝ Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունում Կոմոյի դեմ, բայց միայն այն դեպքում, եթե նրա ֆիզիկական վիճակը դա թույլ տա։
Ըստ իդեալական սցենարի՝ մարզիչները նախընտրում են ֆուտբոլիստի վերադարձը կազմակերպել միայն սեպտեմբերին՝ միջազգային խաղերի առաջին դադարից հետո։ Նրանք մշտապես կգնահատեն նրա ֆիզիկական վիճակը, քանի որ յուրաքանչյուր բաց թողնված մարզում կարող է փոխել վերադարձի ժամկետները։
Բլաուգրանայում վճռական են գտնել ճիշտ հավասարակշռությունը. խուսափել ավելորդ ռիսկերից, բայց միևնույն ժամանակ չհետաձգել վերադարձը, եթե վերականգնումն ընթանա ըստ պլանի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատանի ֆուտբոլիստի համար լուրջ պայքար է սկսվել։