
Ֆլիկը Արաուխոյի հնարավոր տեղափոխության և Շտեգենի ավագ լինելու մասին
Բարսելոնան պատրաստվում է իր երկրորդ նախամրցաշրջանային ընկերական խաղին՝ Սեուլի դեմ։ Թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մամուլի ասուլիսում խոսել է ոչ միայն Բարսելոնայի և Սեուլի միջև սպասվող խաղից այլև 2025/26 մրցաշրջանում Բարսայի անելիքներից, խաղացողների ցուցադրած խաղից և իր նպատակներից։
Գերմանացի մասնագետը նշել է, որ գոհ է թիմի նախապատրաստական հավաքի ընթացքից։
Այո, գոհ եմ մարզումներից։ Մեզ շատ ջերմ ընդունեցին Կորեայում։ Թիմը լավ է աշխատում, չնայած շոգին։ Բայց բոլորը կենտրոնացած են ու որակով են մարզվում։ Արդարացումներ չենք փնտրում։
Ֆլիկը նաև հաստատել է, որ 2025/26 մրցաշրջանի համար թիմի նպատակները չեն փոխվել։
Նպատակները մնում են նույնը՝ հաղթել բոլոր խաղերում։ Դժվար մրցաշրջան է լինելու, բայց դրական ենք տրամադրված։ Մեր կարծիքով՝ թիմի որակն ավելացել է։ Մենք ցանկանում ենք նվաճել տիտղոսներ, ինչպես նախորդ տարի։ Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում։
Նա խոսել է նաևմի շարք ֆուտբոլիստների մասին, մասնավորապես՝ Արաուխոյի, Լամինե Յամալի և Մարկուս Ռեշֆորդի։ Հարցին թե արդյոք Ռոնալդ Արաուխոն կարող է լքել թիմը, Ֆլիկը պատասխանել է հստակ.

Արաուխո՞ն։ Ինչո՞ւ պետք է նա հեռանա։ Շատ լուրեր կան, բայց ես ոչ մի նորություն չունեմ։ Ունենք բարձրակարգ թիմ։ Յուրաքանչյուր դիրքում առնվազն երկու խաղացող ունենք, երբեմն նույնիսկ երեք։ Դա հեշտ չէ, բայց ես գոհ եմ։
Անդրադառնալով 18-ամյա Լամինե Յամալին Ֆլիկը նշել է․
Նախորդ մրցաշրջանում էլ տեսանք՝ Լամինեն բացառիկ խաղացող է։ Նա կարող է որոշել խաղերի ելքը։ Ուրախ եմ, որ նա մեր կազմում է, և իհարկե, նա կխաղա նաև վաղը։
Ինչ վերաբերում է Մարկուս Ռեշֆորդի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը ապա Ֆլիկը գոհ է նաև այս տրանսֆերից։
Մարկուսը հրաշալի խաղացող է։ Ես հետևել եմ նրա կարիերային դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» սկսելուց։ Նա մեծ որակ ունի, և մենք հույս ունենք, որ այս մրցաշրջանում նա կցուցադրի իր լավագույն կողմերը։
Հարցին՝ արդյոք Մարկ-Անդրե տեր Շտեգենը կմնա որպես թիմի ավագ, Ֆլիկը պատասխանել է.
Թիմը կընտրի ավագներին, ինչպես միշտ է եղել։ Դա կորոշվի մրցաշրջանի մեկնարկից երկու շաբաթ առաջ։
Ի վերջո, Ֆլիկը մեկնաբանել է նաև ակադեմիայի նորաստեղծ տաղանդ Պեդրո Ֆերնանդեսի (ներկայացվում է որպես Դրո) առաջընթացը։
Նա մեզ հետ մարզվում է դեռ անցած մրցաշրջանի վերջից։ Տաղանդավոր է, դրա համար էլ այստեղ է։ Լա Մասիան հրաշալի աշխատանք է կատարում։ Նա ոչ միայն գոլ խփելու ունակություն ունի, այլև լավ է տիրապետում գնդակին։ Պետք է դեռ զարգանա, բայց շատ որակով կիսապաշտպաններ ունենք, և ես ուրախ եմ այդպիսի կազմ ունենալու համար։