ad-banner-1

Հայտնի է, թե Բարսելոնայի որ աստղերը ներկա կլինեն Ոսկե Գնդակ 2025-ի մրցանակաբաշխությանը

Փարիզի Théâtre du Châtelet թատրոնում վաղը տեղի կունենա 2025 թվականի Ոսկե Գնդակի մրցանակաբաշխությունը, որտեղ կհայտարարվի տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Բարսելոնան կունենա լայն ներկայացվածություն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց անվանակարգերում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Տղամարդկանց թիմից Լամին Յամալը, Պաու Կուբարսին և Ռաֆինյան կմեկնեն Փարիզ, նրանց կմիանա նաև գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ Կուբարսին հավակնում է Կոպայի մրցանակին, իսկ Ֆլիկը՝ լավագույն մարզչի կոչմանը։ Լամին Յամալը համարվում է գլխավոր ֆավորիտներից Ոսկե Գնդակի համար, իսկ Ռաֆինյան նույնպես ներառված է հավակնորդների շարքում։

Կանանց թիմից կժամանեն Աիտանա Բոնմատին, որը վերջին երկու տարիներին անընդմեջ արժանացել է մրցանակին, ինչպես նաև Ալեքսիա Պուտելյասը, Կարոլին Գրահամ Հանսենը, Պատրի Գիխարոն, Եվա Պայորը, Կլաուդի Պինյան, Վիկի Լոպեսը և Կատա Կոլը։

Այնուամենայնիվ, Պեդրին և Ռոբերտ Լևանդովսկին, թեև հայտնվել են Ոսկե Գնդակի հավակնորդների ցուցակում, չեն մեկնի Ֆրանսիա։ Հատկապես Պեդրին որոշել է չմասնակցել, որպեսզի հանգստանա առաջիկա ծանր խաղային գրաֆիկից առաջ։ Բարսելոնային առաջիկա ութ օրում սպասվում են չորս կարևոր հանդիպում՝ Խետաֆեի, Ռեալ Սոսյեդադի և ՊՍԺ-ի դեմ, ինչի պատճառով Պեդրին նախընտրել է խնայել ուժերը։

Պեդրին այս մրցաշրջանում մասնակցել է Բարսելոնայի բոլոր խաղերին՝ չորս անգամ խաղադաշտում մնալով ամբողջ 90 րոպե։ Այդ պատճառով նրա համար հանգստի յուրաքանչյուր հնարավորություն մեծ նշանակություն ունի։

Ակումբի ղեկավարության կողմից Փարիզում կլինեն նախագահ Ժոան Լապորտան, Ռաֆա Յուստեն, Էլենա Ֆորտը, Ժոան Սոլերը, Խավի Պուջը, Էնրիկ Մասիպը, Ալեխանդրո Էչևարիան, Գաբրիել Մարտինեսը և Ժորդի Գոմեսը։

Այսպիսով, Բարսելոնան Փարիզում կունենա հզոր ներկայացուցիչներ՝ միաժամանակ պահպանելով նաև թիմի առանցքային ֆուտբոլիստների հանգստի պլանը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել