
Դեկուն՝ Շտեգենի, Նիկոյի, Արաուխոյի մասին
Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն հարցազրույց է տվել Mundo Deportivo-ին։
«Ժոան Գարսիայի տրանսֆե՞րը։ Նախորդ երկու տարիներին Տեր Շտեգենը վնասվածքներ ստացավ, եւ մենք ունեինք միայն Ինյակի Պենյային։ Ակադեմիայում կան լավ դարպասապահներ, բայց նրանք շատ երիտասարդ են։ Մենք հրավիրեցինք Շչեսնիին, որը հիանալի արդյունք ցույց տվեց։ Լիվերպուլն ունի Ալիսոնին, որը 32 տարեկան է, եւ նրանք ստորագրել են Լա լիգայի լավագույն դարպասապահներից մեկին՝ Մամարդաշվիլիին, որը 24 տարեկան է։
Էսպանյոլը բարկացա՞ծ է։ Մենք երբեք չենք խոսել Ժոանի հետ Լա լիգայի ընթացքում։ Հանդիպել ենք նրա գործակալի հետ եւ ասել՝ եթե ֆուտբոլիստը դիտարկում է Բարսայի տարբերակը, մենք կցանկանանք խոսել նրա հետ։ Եվ դա այդպես էր։ Մենք հանդիպեցինք Գարսիային եւ բացատրեցինք մեր գաղափարները։ Անհրաժեշտ չէր անգամ նրան համոզել։
Ես չպետք է խոսեմ Տեր Շտեգենի հետ։ Իմ պարտականությունն է ստեղծել մարզիչի համար հնարավոր լավագույն թիմը։ Չկա այնպիսի պայմանագիր, որը պարտավորեցնում է նրան խաղալ առանց նախապայմանների։ Մարզիչն է որոշումներ կայացնում, եւ ամեն ֆուտբոլիստ ունի իր հավակնությունները։
Որոշում ենք կայացրել ձեռք բերել երիտասարդ դարպասապահի, ինչը նշանակում է, որ նա կարող է խաղալ վաղը կամ նստել պահեստայինների նստարանին կամ խաղալ մեկ կամ երկու տարուց։ Մենք որոշակի ակնկալիքներ ունենք Ժոանից, որոնք նա պետք է իրագործի։ Բոլորը սկսում են սկզբից։ Մարզիչն է լինելու որոշում կայացնողը։
Շչեսնին, անկասկած, կերկարաձգի պայմանագիրը։ Մենք պետք է որոշում կայացնենք Ինյակի Պենյայի վերաբերյալ, քանի որ առաջին թիմում ունենք չորս դարպասապահ։
Մենք պետք է թարմացնենք հարձակման ձախ եզրը։ Որպես վինգեր՝ մենք ունենք միայն Լամինին եւ Ռաֆինյային, քանի որ Ֆեռանը ավելի ու ավելի մոտ է հարձակվողի դիրքին։ Երբ Յամալը կամ Ռաֆինյան չեն խաղում, թիմի մակարդակն իջնում է։
Նիկո Ուիլյա՞մսը. Կան որոշ չափորոշիչներ։ Առաջինը՝ ֆուտբոլիստը պետք է հավատա նախագծին։ Նիկոյի տեղափոխությունը չկայացավ նախորդ տարի, թեպետ ինձ համար առաջնահերթ էր Դանի Օլմոն։ Նիկոն եւ այլ ֆուտբոլիստներ նույնպես մեծ ցանկություն ունեն գալ մեր թիմ։ Եթե իրավիճակը թույլ տա, մենք կփորձենք։
Նորմալ է, որ Յամալը Նիկոյի ընկերն է, բայց սա «ընկերների ակումբ» չէ։ Մենք այստեղ աշխատում ենք եւ փորձում հաղթել։ Նիկոն մեր պորտֆոլիոյում էր արդեն նախորդ ամռանը, նրա անունը միշտ հաշվի է առնվում։ Եթե նրանք միավորվեն մեր թիմում, ավելի լավ կլինի
Իր տարիքում եւ կարիերան առջեւում՝ Անսու Ֆատին չի կարող եւս մեկ տարի անցկացնել առանց խաղաժամանակի։ Մենք պատրաստ ենք արգելքներ չդնել նրա հեռանալու հարցում։ Մոնակոն խոսել է մեզ հետ, ֆուտբոլիստն ուզում է գնալ վարձակալությամբ։
Արաուխո՞ն․ Մենք ուզում ենք ուժեղացնել թիմը, ոչ թե դարձնել այն ավելի վատը։ Եթե նա հեռանա, մենք կկորցնենք կարեւոր մասնիկ։ Ռոնալդը բարդ մրցաշրջան ունեցավ, արդար չէ նրան քննադատել։ Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։ Ռոնալդը չի ցանկանում հեռանալ, նա ուզում է վերադարձնել իր լավագույն մարզավիճակը։
Սա այն Դե Յոնգն էր, որին մենք ուզում էինք տեսնել։ Մենք ցանկանում ենք, որ նա մնա մեզ հետ։ Ֆրենկին ունի եւս մեկ տարվա պայմանագիր, եւ մենք կվերլուծենք ամեն ինչ առանց շտապելու։
Քրիստենսե՞նը։ Մենք ունենք հինգ կենտրոնական պաշտպան, եւ նրանցից մեկը պետք է հեռանա դիրքում ծանրաբեռնվածության պատճառով։ Ֆլիկը պետք է որոշում կայացնի։ Ինչպես Հանսին է ասում՝ «Որոշումն աշխատանք է»
Լամինը, Պեդրին, Դեմբելեն եւ Վիտինյան կարող են հաղթել «Ոսկե Գնդակը»։ Լավագույնն այն է, որ Բարսան վերադարձել է մրցանակների համար պայքար։
Լևանդովսկի՞ն։ Այս ամռանը փոփոխությունների անհրաժեշտություն չկա, քանի որ Ֆեռանը դարձավ 9 համար։ Մենք կարող ենք խաղալ նաեւ Օլմոյով՝ որպես կեղծ 9։ Եվ եթե Նիկոն կամ Լուիս Դիասը գան, մենք կարող ենք խաղալ առանց հստակ 9 համարի։ Դժվար է գտնել Լևանդովսկու որակի հարձակվողների»
Դեկուն խոսել է նաև Ռեալի տրանսֆերների մասին, բայց դա մեզ առանձնապես հետաքրքիր չի:)