
Դեկուն՝ Շտեգենի հետ կոնֆլիկտի և Գարսիային գնելու մասին
Շարունակում ենք ներկայացնել Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուի հարցազրույցը Mundo Deportivo-ին, որի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ, երկրորդը՝ ԱՅՍՏԵՂ։
– Ինչո՞ւ եք ձեռք բերել Ժոան Գարսիային, եթե թիմում արդեն Տեր Շտեգեն կար։
– Մեկը մյուսի հետ կապ չունի։ Չափազանց շատ խնդիրներ են ստեղծվում այնտեղ, որտեղ դրանք չկան։ Նախ` Մարկը հիանալի դարպասապահ է, թիմի ավագը, ակումբում ունի իր պատմությունը, որը մենք հարգում և գնահատում ենք։ Նա դեռ կարող է պատմություն կերտել, քանի որ ընդամենը 33 տարեկան է, ինչը մեծ տարիք չէ։
Երբ Մարկը վնասվածք ստացավ, մենք հասկացանք, որ քիչ դարպասապահներ ունենք, ուստի սկսեցինք դարպասապահներ փնտրել, թեև դա մեր պլաններում չէր։ Մենք ցանկանում էինք երիտասարդ դարպասապահ, եթե փնտրեինք մեկին, ով անմիջապես արդյունք կտա, կփնտրեինք 28 կամ 30 տարեկան դարպասապահի։ Ինչո՞ւ երիտասարդի։ Որովհետև նա կարող է քեզ տալ ներկան և ապագան։ Այսպիսին էր գաղափարը Ժոանի հետ կապված։ Խնդիրները չափազանցվում են, քան իրականում կան,- պատասխանել է Դեկուն։
Դեկու. Ոչ մի ֆուտբոլիստի ոչինչ չենք բացատրում
– Բացատրե՞լ եք արդյոք Տեր Շտեգենին, որ ակումբը պատրաստվում է նոր դարպասապահ ձեռք բերել։
– Եկեք հասկանանք։ Ոչ մի խաղացողի ոչինչ չեն բացատրում։ Կրկնում եմ՝ ոչ մի խնդիր չկա, և Տեր Շտեգենի ու Ժոան Գարսիայի հետ կապված ոչ մի գործ չկա։ Մենք դարպասապահի դիրքին ուշադրություն դարձրինք, երբ Մարկն առաջին անգամ վնասվածք ստացավ, մենք Մարկին փոխարինող չենք փնտրում։ Մեզ մոտ խնդիր էր առաջացել, քանի որ, երբ հետ նայեցինք, տեսանք, որ ունենք միայն Ինյակիին, իսկ մյուս դարպասապահները շատ երիտասարդ էին։
Մենք խոսեցինք Ալեքսանկոյի և Դե լա Ֆուենտեի՝ դարպասապահների մարզիչի հետ, և ասացինք, որ Անդերը և Դիեգոն պետք է խաղան։ Մեկը պետք է մնար մեզ հետ, իսկ մյուսը՝ խաղար պահեստային թիմում։ Եվ մենք սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, քանի որ կարծում ենք, որ այս երկուսն ամենամոտն են հիմնական թիմին, սակայն մենք չունեինք երրորդ դարպասապահ, իսկ մեզ պետք է հուսալի դարպասապահ, ցանկալի է՝ մեր ակումբից։
Այդ պատճառով սկսեցինք դարպասապահներ փնտրել։ Եվ իրավիճակը վատթարացավ, երբ Մարկը վնասվածք ստացավ անցյալ մրցաշրջանում։ Սա պլանավորման հարց է, որպեսզի ապագայում խնդրի առաջ չկանգնենք։ Իսկ թե ով է խաղալու, արդեն մարզիչն է որոշում։
– Դեկտեմբերին Տեր Շտեգենը պետք է ապաքինվի։ Արդյոք հունվարին նրան հնարավորություն կտրվի՞ հեռանալ։
– Այս պահին մեր պլաններում Մարկի հետ կապված ոչինչ չկա։ Մենք դարպասապահների հետ կապված խնդիրներ ունենք, ստիպված եղանք Կոչենին Չիլիից բերել, թեև նրա համար կարևոր էր Մ20 Աշխարհի առաջնությունը։ Մենք ստիպված եղանք զանգահարել ԱՄՆ ֆեդերացիա և բացատրել մարզիչին, որ գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, քանի որ ունենք Շչեսնիին և Դիեգո Կոչենին, իսկ մյուսները շատ երիտասարդ են։ Եթե Մարկը հասանելի լիներ, նա անպայման կխաղար։ Նա պայմանագիր ունի, և այդպես էլ կլինի,- բացատրել է Դեկուն։
– Դեկու, ինչպե՞ս եք արձագանքել Տեր Շտեգենի հայտարարությանը, թե իրեն ընդամենը երեք ամիս է պետք ապաքինվելու համար՝ հաշվի առնելով, թե ինչ հետևանքներ ունեցավ դա։
– Ես չեմ անդրադառնա այդ հարցերին։ Հավանաբար, մեջքի վերջին վնասվածքի պատճառով, որի հետևանքով նա բաց թողեց երկուսուկես կամ երեք ամիս, կարծում եմ՝ նա հույս ուներ ավելի շուտ վերադառնալ։ Այդ հարցերը պետք է ուղղել իրեն, մենք չենք միջամտի։
Ֆուտբոլիստն ազատ է անելու իր հայտարարությունները, գուցե բացատրելու իր անձնական հարցերը, և մենք հստակ կանոններ չունենք, որոնք կարգելեն նրան դա անել։ Իմ կարծիքով՝ այսօր սոցիալական ցանցերը բավականին բարդ են դարձել, երբեմն ֆուտբոլիստները հրապարակում են բաներ, որոնք պետք է ներսում մնան, բայց յուրաքանչյուրն ազատ է գործել այնպես, ինչպես հարմար է գտնում, և դրանում վիճահարույց ոչինչ չկա,- այսպիսով Դեկուն հանգստացրել է կրքերը։