
Դեկուի հանդիպումը նոր դարպասապահի գործակալի հետ
Ֆուտբոլային աշխարհում ուշադրության կենտրոնում է հայտնվել Բարսելոնայի նոր տրանսֆերներից մեկը՝ դարպասապահ Ժոան Գարսիան, որի գրանցման հարցը դեռևս չի ստացել վերջնական լուծում։ Թիմը նոր մրցաշրջանին նախապատրաստվելիս բախվում է Ֆինանսական արդար խաղի կանոնակարգից բխող սահմանափակումների, ինչը խոչընդոտում է երիտասարդ դարպասապահի պաշտոնական գրանցումը։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Իրավիճակը մասնավորապես բարդացել է այն պատճառով, որ թիմը դեռ բավարար ֆինանսական ազատություն չունի՝ գրանցումը ձևակերպելու համար։ Թեև սպասվում է, որ Պաու Վիկտորի առաջիկա հեռացումը կազատի շուրջ 2.8 միլիոն եվրո, սակայն դա բավարար չէ Գարսիային գրանցելու համար։
Բարսելոնան հույս ունի օգտագործել Մարկ-Անդրե տեր Շտեգենի աշխատավարձը՝ որպես գրանցման լուծում։ Գերմանացի դարպասապահը որոշել է վիրահատություն կատարել, ինչը կհանգեցնի մոտ երեք ամսվա բացակայության, սակայն գործող կանոնակարգով թիմը կարող է օգտագործել նրա աշխատավարձի մինչև 80 տոկոսը միայն այն դեպքում, եթե բացակայությունը տևի առնվազն չորս ամիս։
Ըստ Diario SPORT-ի՝ Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն վերջերս հանդիպում է ունեցել Գարսիայի գործակալ Խուանմա Լոպեսի և իրավաբան Ռամոն Վալենսիայի հետ։ Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։ Կողմերը փորձել են հստակեցնել բոլոր մանրամասները՝ գրանցման գործընթացում խուսափելու համար անցանկալի անակնկալներից։
Հանդիպման ընթացքում ձևակերպվել են մի քանի ռազմավարական տարբերակներ, որոնք կարող են հնարավորություն տալ Գարսիային մրցաշրջանի մեկնարկին արդեն դաշտ դուրս գալ Բարսելոնայի կազմում։
Գարսիան, ի տարբերություն Դանի Օլմոյի ու Պաու Վիկտորի, որոնք անցյալ մրցաշրջանում բախվել էին գրանցման հետ կապված բարդությունների, ցանկանում է խուսափել նման իրավիճակից։
Եթե ի վերջո Գարսիայի գրանցումը չհաջողվի, Բարսելոնան կարող է քննարկել այլընտրանքային տարբերակ՝ ի դեմս փորձառու դարպասապահ Վոյցեխ Շչենսնիի։ Սակայն ակումբում նախընտրում են խուսափել նման զարգացումներից։
Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու ոչ միայն Գարսիայի ապագայի, այլև Բարսելոնայի դարպասապահի հարցի լուծման համար։