
Կտրուկ շրջադարձ․ Բարսելոնան հնարավոր է մեկնի Ճապոնիա
Չնայած նախօրեին տարածված պաշտոնական հայտարարությանը շրջագայությունը չեղարկելու մասին, Բարսելոնան ի վերջո մեկնում է Ճապոնիա։ Ինչպես հաղորդում է Jijantes-ը, կատալոնական ակումբը հինգշաբթի կեսօրին կուղևորվի Ճապոնիա՝ սկսելու իր նախամրցաշրջանային շրջագայությունը։
Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ-ալիքին
Ավելի վաղ ակումբը հայտնել էր, թե խաղի կազմակերպիչ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով չեղարկում է Ճապոնիա այցը և Վիսսել Կոբեի դեմ հանդիպումը։ Այդ լուրից հետո Բարսայի ֆուտբոլիստները վերադարձել էին մարզումային բազա՝ Ciutat Esportiva:
Սակայն ըստ նոր տեղեկությունների՝ իրավիճակը կտրուկ փոխվել է հօգուտ ճամփորդության։ Բարսելոնայի նախկին հովանավորը՝ Rakuten-ը, միջամտել է և իր վրա վերցրել ակումբին չվճարված գումարի փոխհատուցումը։ Այդ քայլը որոշիչ է եղել․ ճնշումը արդյունք է տվել, և կողմերը եկել են նոր համաձայնության։
Չնայած ճամփորդությունը սկզբում չեղարկվել էր, հիմա Բարսելոնան պատրաստվում է մեկնել Ճապոնիա մի քանի ժամ ուշացումով։ Ֆուտբոլիստները, որոնք միացել էին թիմային մարզմանը, այժմ արդեն սկսում են պատրաստվել ճանապարհ ընկնելուն։
Վիսսել Կոբեի հետ հանդիպումը նախատեսված է կիրակի օրը՝ իսպանական ժամանակով 12:00-ին։ Դրանից հետո Բարսան կուղևորվի Հարավային Կորեա՝ մասնակցելու ևս երկու ընկերական հանդիպումների։ Նախամրցաշրջանն ամփոփվելու է Ժոան Գամպերի գավաթի խաղով Կոմոյի դեմ, որից հետո կմեկնարկի Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանը՝ Մալյորկայի դեմ դիմակայությամբ։