
Էրիկ Գարսիան պատմել է` ինչ խնդիրների է հանդիպել թիմը
Բարսելոնայի պաշտպան Էրիկ Գարսիան դարձավ առաջին գոլի հեղինակը թիմի Ասիական շրջագայության մեկնարկային խաղում՝ Վիսսել Կոբեի դեմ։ Իսպանացին հանդես եկավ աջ պաշտպանի դիրքում ու առաջին կեսում գեղեցիկ գոլով առաջ մղեց իր թիմին։ Հետո նրան փոխարինեց Ժյուլ Կունդեն։
Խաղը եզրափակվեց կատալոնացիների 3-1 հաղթանակով՝ նշանավորելով նախամրցաշրջանի հիանալի մեկնարկը։
Կապիտանի թևկապի հարցը
Խաղից հետո Գարսիան խոսեց լրագրողների հետ՝ պատասխանելով մի քանի ուշագրավ հարցերի։ Նա հատկապես զգուշավոր էր, երբ թեման շոշափեց Մարկ-Անդրե տեր Շտեգենի՝ կապիտանի կարգավիճակից զրկվելը։
«Դա այն թեման է, որը որոշում է մարզիչը։ Կարծում եմ՝ երբ վերադառնանք Բարսելոնա, մարզիչը կխոսի այդ մասին։ Անցած տարի քվեարկություն եղավ, այս տարի չգիտեմ՝ ինչպես կլինի, կտեսնենք վերադառնալուց հետո», – նշեց Գարսիան։
Խաղի գնահատականը
Պաշտպանը խոսեց նաև հենց խաղի մասին՝ նշելով, որ ճանապարհից հետո անմիջապես խաղալը հեշտ չէր։
«Մի փոքր հոգնածություն կար՝ ժամային գոտիների փոփոխությամբ պայմանավորված։ Խաղը բարդ էր՝ խոնավության պատճառով, ու մենք քիչ ժամանակ ունեինք վայրէջքից հետո», – ասաց նա։
Ֆլիկի տակտիկական պահանջների մասին էլ նշեց. «Փորձում եմ օգնել այնտեղ, որտեղ Ֆլիկը իմ կարիքն ունի։ Ժիրոնայում արդեն խաղացել եմ այդ դիրքում։ Պատրաստ եմ ցանկացած դիրքի»։
Չեմպիոնների Լիգա
Էրիկ Գարսիան անդրադարձավ նաև Չեմպիոնների լիգայում թիմի ակնկալիքներին։
«Գիտենք, որ անցած մրցաշրջանը լավն էր, բայց կարող ենք էլ ավելի լավը լինել։ Պետք է պայքարենք այն տիտղոսի համար, որն այս պահին չունենք։ Եթե ուզում ենք նորից նման մրցաշրջան, պետք է նույն կերպ աշխատենք»։
Դեբյուտանտների՝ Բարդգիի, Ռեշֆորդի, Ժոան Գարսիայի մասին
Ի վերջո, Գարսիան խոսեց թիմի նորեկների մասին։
«Նոր խաղացողները լավ տպավորություն են թողել։ Ժոանին արդեն գիտեինք Լա Լիգայից՝ հիանալի դարպասապահ է, մարզումներում դժվար է նրան գոլ խփելը»։
«Ռունին վերջին օրերին շատ է զարմացրել, իսկ Մարկուսին բոլորս գիտենք։ Երիտասարդների մոտ իսկապես որակ եմ տեսնում», – եզրափակեց ֆուտբոլիստը։