
Ռաֆա Յուստեն փակագծեր է բացել
Բարսելոնայի մարզական փոխնախագահ Ռաֆա Յուստեն Ճապոնիայի Կոբե քաղաքում հանդիպել է լրագրողների հետ՝ խոսելով ինչպես թիմի գրանցումների, այնպես էլ վերջին օրերի ամենաքննարկվող թեմաների շուրջ։
Նախ, անդրադառնալով Ճապոնիա մեկնելու ուշացմանը, Յուստեն ընդգծեց, որ այդ հարցն արդեն լուծվել է։
«Այստեղ գտնվելը լավ նորություն է թե՛ Բարսելոնայի, թե՛ Ճապոնիայի համար։ Խնդիրն այն էր, որ համաձայնագրի որոշ կետեր չէին կատարվել, և մենք գործեցինք հստակ ու սկզբունքային՝ ակումբի շահերը պաշտպանելու համար», — նշել է նա։
Ըստ փոխնախագահի՝ թիմը ցուցադրել է լավ խաղ նախամրցաշրջանի նորմուտում՝ հաղթելով Վիսել Կոբեին։ Հանսի Ֆլիկի կազմերից երկուսն էլ գոհացրել են ղեկավարությանը։ Յուստեն առանձնացրել է մի քանի ֆուտբոլիստի՝ Ռեշֆորդին, Ժոան Գարսիային, ինչպես նաև Ռունիին ու Ժոֆրեին․ «Ես հենց նոր եմ գալիս մարզումից, և կարող եմ ասել՝ մենք աճ ենք գրանցել նախորդ տարվա համեմատ։ Ունեցած կազմը շատ խոստումնալից է, իսկ Ֆլիկը՝ գոհ»։
Ամենաքննարկվողներից էր Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հարցը, որի շուրջ վերջին օրերին լարվածություն կա։ Յուստեն վստահեցրել է, որ ակումբը հարգանքով է մոտենում բոլոր խաղացողներին․
«Մենք միշտ կանգնած ենք մեր խաղացողների կողքին՝ անկախ իրավիճակից։ Տեր Շտեգենի ավագ մնալ-չմնալու հարցը չի որոշվում իմ կողմից, դա մարզչի ու թիմի ընդհանուր որոշումն է»։
Ինստիտուցիոնալ մակարդակում փոխնախագահը պատասխանել է նաև Չեմա Ալոնսոյի՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարների Տեխնիկական կոմիտեում նշանակվելու վերաբերյալ արձագանքներին․
«Մեկ անձը չի որոշում հանձնաժողովի կազմը: Մենք պետք է հարգենք այս հաստատությունը և զգոն լինենք ցանկացած խախտման նկատմամբ: Այս դեպքում դա պարզապես հերթական նշանակում է։ Ես հավատում եմ հրավիրված մարդկանց պրոֆեսիոնալիզմին և իրենց աշխատանքը լավ կատարելու ունակությանը»։
Յուստեն նշել է, որ ինքը չի շարունակի թիմի հետ շրջագայությունը և կվերադառնա Բարսելոնա՝ համագործակցելու սպորտային տնօրեն Դեկուի հետ․
«Դեկուն Բարսելոնայում է մնացել՝ աշխատելու կարևոր գործարքների վրա։ Մենք շատ լավատես ենք գրանցումների հարցում։ Շուտով կվերադառնանք 1:1 կանոնին։ Առևտրային բաժինը ևս ակտիվ աշխատում է նոր հովանավորներ գտնելու ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ առաջին գրանցված ֆուտբոլիստը կլինի Ժոան Գարսիան, որից հետո՝ Մարկուս Ռեշֆորդը և Վոյցեխ Շչենսնին։
Նա նաև հավաստիացրել է, որ Ռոնալդ Արաուխոյի վաճառքը բացառվում է։
«Մենք հույս ենք կապում թե՛ Արաուխոյի, թե՛ մեր մյուս խաղացողների հետ։ Վաճառքի անհրաժեշտություն այս պահին չկա», — հայտարարել է Յուստեն՝ միաժամանակ հաստատելով, որ Տեր Շտեգենը և Օրիոլ Ռոմեուն չեն լինի թիմում։
Վերջում փոխնախագահը խոսել է նաև Սփոթիֆայ Կամպ Նոու մարզադաշտ վերադառնալու մասին՝ շեշտելով, որ կոնկրետ ժամկետներ նշել չեն ցանկանում․
«Մեր նպատակն է ապահովել առավելագույն անվտանգություն անդամների համար։ Մենք աշխատում ենք օր ու գիշեր՝ շուտափույթ վերադարձի համար, սակայն չենք ցանկանում ինքներս մեզ վրա ավելորդ ճնշում գործադրել»։