ad-banner-1

«Բարսելոնայի և մեր իրականությունները տարբեր են»

Սևիլյայի գլխավոր մարզիչ Մատիա Ալմեյդան մրցաշրջանի հերթական տուրից առաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ անդրադառնալով թիմի առաջիկա հանդիպմանը Բարսելոնայի դեմ, որը կկայանա կիրակի Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ալմեյդան, խոսելով կատալոնացիների ուժերի մասին, ընդգծել է, որ սխալ կլինի կենտրոնանալ միայն մեկ ֆուտբոլիստի վրա՝ թեկուզև Լամին Յամալի, ով այս մրցաշրջանում մշտապես ուշադրության կենտրոնում է։

«Եթե ես կենտրոնանայի միայն մեկ խաղացողի վրա, դա մեծ սխալ կլիներ։ Բարսելոնայում 20 ուժեղ ֆուտբոլիստ կա։ Բացի տեխնիկական որակներից, կա նաև խաղային գործառույթ, որը պետք է կարողանանք կանգնեցնել։ Պեդրին ու Լամինը միայնակ չեն խաղում, նրանց հետևում մի ամբողջ թիմ է», – նշել է մարզիչը։

Սևիլյան այս մրցաշրջանում դեռևս չի կարողացել հաղթանակ տանել սեփական հարկի տակ, ինչը լուրջ անհանգստության պատճառ է առաջիկա ծանր դիմակայությունից առաջ։ Սակայն Ալմեյդան վստահեցրել է, որ իր թիմը պետք է համախմբված լինի և փորձի լավ ներկայանալ։

«Մենք դժվարանում ենք հաղթել երկու խաղ անընդմեջ, բայց այդ ընթացքում ունեցել ենք նաև լավ արդյունքներ։ Մեր երկրպագուները միշտ նույնն են՝ ուժեղ և հավատարիմ։ Հույս ունենք արժանի պատասխան տալ նրանց և վարձահատույց լինել աջակցության համար։ Երկրպագուները խելացի են, և նրանց նվիրվածությունը երկարաժամկետ կտրվածքով բերում է լավ արդյունքների», – ասել է նա։

Ալմեյդան ընդունել է երկու ակումբների տարբեր իրականությունները, սակայն շեշտել, որ իր թիմը չի հանձնվի։

«Իմ ասածն ու արածը փորձում եմ պահել նույն մակարդակի վրա։ Բարսելոնայի և մեր իրականությունները տարբեր են, բայց խաղը միշտ 11-ը 11-ի դեմ է։ Դժվար է, բայց ոչ անհնար։ Այս մրցակիցը պատրաստ է պայքարելու Չեմպիոնների լիգայի համար։ Մեր իրականությունը այլ է, բայց մենք կփորձենք պայքարել մեր դիրքից», – եզրափակել է Սևիլյայի գլխավոր մարզիչը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։