
Բարսելոնան խնդիրներ ունի նոր ստադիոնի շահագործման հարցում
Բարսելոնան շարունակում է բախվել լուրջ խնդիրների՝ կապված Կամպ Նոու մարզադաշտի վերագործարկման գործընթացի հետ։ Ինչպես հաղորդում են Sport-ը կատալոնական ակումբը մինչև օրս չի կարողանում ստանալ ստադիոնի շահագործման պաշտոնական թույլտվությունը Բարսելոնայի քաղաքապետարանից, ինչը սպառնում է ազդել ոչ միայն Լա Լիգայի մեկնարկային խաղերի, այլև Չեմպիոնների լիգայի մասնակցության վրա։
2025/26 մրցաշրջանի Լա Լիգայի առաջին երեք տուրերում՝ օգոստոսի 16-ին, 23-ին և 31-ին, Բարսելոնան հանդես կգա որպես հյուր՝ համապատասխանաբար հանդիպելով Մալյորկային, Լևանտեին և Ռայո Վալեկանոյին։ Թիմի առաջին տնային հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 14-ին Վալենսիայի դեմ, սակայն դրա անցկացման վայրը դեռ անորոշ է։
Ստադիոնի շահագործման թույլտվության ուշացման պատճառով ակումբն արդեն ստիպված եղավ չանցկացնել Ժոան Գամպերի ավանդական խաղը նոր վերակառուցվող մարզադաշտում՝ տեղափոխելով հանդիպումը իտալական «Կոմոյի» դեմ «Յոհան Կրոյֆ» ստադիոն։ Նույն տարբերակն այժմ դիտարկվում է նաև Լա Լիգայի առաջին տնային հանդիպման համար, քանի որ «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտը՝ ակումբի ժամանակավոր տունը վերջին երկու մրցաշրջաններում, սեպտեմբերի 12-ին հյուրընկալելու է ամերիկացի ռեփեր Post Malone-ի համերգը։
«Յոհան Կրոյֆ» մարզադաշտը, որտեղ հիմնականում հանդես են գալիս Բարսելոնա Բ-ն և կանանց թիմը, ունի ընդամենը 6,000 տեղանոց տարողունակություն, ինչը կարող է զգալի ֆինանսական կորուստներ բերել ակումբին՝ հաշվի առնելով Բարսելոնայի հսկայական երկրպագուների բազան։
Միևնույն ժամանակ, ակումբը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Վալենսիայի դեմ հանդիպումը անցկացվի հենց Կամպ Նոուում, թեկուզ սահմանափակ՝ 30,000 հանդիսականի ներկայությամբ։ Սա կլինի հնարավոր անցումային փուլ՝ մինչև ստադիոնի լիարժեք բացումը։
Ամեն դեպքում, առավել կարևոր է, որ ակումբը ստանա բոլոր անհրաժեշտ թույլտվությունները մինչև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկը։ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով թիմը պարտավոր է խմբային փուլում բոլոր տնային խաղերը անցկացնել նույն մարզադաշտում։ Նախագահ Ժոան Լապորտայի խոսքով՝ Բարսելոնան արդեն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով չանցկացնել տնային հանդիպում առաջին տուրում։
Բարսելոնան հուսով է, որ կկարողանա սեպտեմբերի 14-ին տնային մրցաշրջանը սկսել հենց նորակառույց ու խորհրդանշական ստադիոնում՝ թեկուզ մասնակի տարողունակությամբ։