
Բարսելոնան կարող է ևս մեկ ֆուտբոլիստ կորցնել
AS-ի լրագրող Խավի Միգելի փոխանցմամբ՝ Բարսելոնայի կիսապաշտպան Մարկ Կասադոյի մասնակցությունը վաղվա հանդիպմանը Ռեալ Սոսյեդադի դեմ մնում է անորոշ։ 22-ամյա ֆուտբոլիստը շաբաթ օրը տեղի ունեցած մարզման ժամանակ զգացել է մկանային անհարմարություն և ստիպված է եղել դադարեցնել մարզումը։
Թեև առաջին գնահատականները ցույց են տալիս, որ վնասվածքը լուրջ չէ, այնուամենայնիվ կա հավանականություն, որ Կասադոն բաց թողնի խաղը։ Նա վերջին հանդիպման մեկնարկային կազմում էր Ռեալ Օվիեդոյի դեմ, բայց առաջին խաղակեսից հետո փոխարինվեց Ֆրենկի դե Յոնգով։
Հանսի Ֆլիկի համար իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ Գավին շարունակում է երկարաժամկետ բացակայել, իսկ Ֆերմին Լոպեսը դուրս է մնացել երեք շաբաթով։ Եթե Կասադոն էլ չկարողանա մասնակցել, Բարսելոնայի կիսապաշտպանությունը զգալի կթուլանա։
Սպասվում է, որ Պեդրին, Դանի Օլմոն և Դե Յոնգը կհամալրեն մեկնարկային կազմը, իսկ Մարկ Բերնալը, ով նոր է վերադարձել ծանր վնասվածքից և ընդամենը 10 րոպե է խաղացել, նույնպես կարող է ստանալ ժամանակ։ Որպես այլընտրանքներ դիտարկվում են նաև Էրիկ Գարսիան և Անդրեաս Քրիստենսենը, ովքեր նախկինում բազմիցս հանդես են եկել կիսապաշտպանությունում։ Հնարավորություն ունի նաև երիտասարդ Պեդրո Ֆերնանդես Դրոն։
Հետաքրքիր է, որ հենց կիսապաշտպանությունն այս մրցաշրջանի սկզբում համարվում էր Բարսելոնայի ամենաուժեղ և համալրված գիծը։ Սակայն Գավիի և Լոպեսի վնասվածքները, իսկ այժմ էլ Կասադոյի անորոշությունը, թիմին թողել են լուրջ խնդիրների առաջ։
Այս ֆոնին Բարսելոնան ստացել է եզակի հնարավորություն․ Ատլետիկոյից կրած ծանր պարտությունից հետո Ռեալ Մադրիդը զիջել է դիրքերը, և հաղթանակը Ռեալ Սոսյեդադի դեմ կարող է կատալոնացիներին բարձրացնել Լա Լիգայի գագաթ։