
Բարսելոնան Ինյիգոյին փոխարինող է գտել
Իսպանական SPORT պարբերականը հայտնում է, որ Բարսելոնան ուշադիր հետևում է Պալմեյրասի երիտասարդ պաշտպան Լուիս Բենեդետիի առաջընթացին, որն արդեն գրավել է եվրոպական բազմաթիվ ակումբների ուշադրությունը։
19-ամյա ֆուտբոլիստը, ով ունի իտալական անձնագիր, ակնկալվում է, որ շուտով կտեղափոխվի Եվրոպա, և մայրցամաքի ամենախոշոր ակումբներից շատերն արդեն հետաքրքրված են։ Բարսելոնայի համար Բենեդետիի անունը վաղուց է թիրախում եղել, սակայն ժամանակը նրանց համար այս պահին կարող է բարենպաստ չլինել։
Բարսելոնան վախեցած է, որ կարող է հետ մնալ տրանսֆերային շուկայում։ Այլ եվրոպական գրանդներ արդեն պատրաստվում են առաջարկներ անել, ինչը կարող է բարդացնել Հանսի Ֆլիկի թիմի գործերը։
Սան Պաուլոյից ստացած տեղեկությունների համաձայն՝ Արսենալն արդեն 10 միլիոն եվրոյի առաջարկ է ներկայացրել Բենեդետիի համար և կարող է գործարքը ավարտել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։ Միևնույն ժամանակ Նապոլին ևս հետաքրքրություն է ցուցաբերում նրա հանդեպ։
Պալմեյրասի ակադեմիան վերջին տարիներին զարգացրել և վաճառել է Բրազիլիայի մի շարք փայլուն տաղանդների, որոնց վառ օրինկերն են Էնդրիկը, Էստևաոն և Վիտոր Ռեիսը։ Եթե բոնուսները վճարվեն, Պալմեյրասը միայն այդ երեք ֆուտբոլիստներից կարող է վաստակել ավելի քան 150 միլիոն եվրո։
Բարսելոնայի համար Բենեդետիի պրոֆիլը հատկապես գրավիչ է՝ շնորհիվ նրա պաշտպանական հասունության և ԵՄ անձնագրի առավելության։ Բայց տրանսֆերի իրականացման համար անհրաժեշտ են արագ գործողություններ։