
Բարսայի տրանսֆերային ամառը. բլոգ
Ավարտվում է մինչմրցաշրջանային հատվածը, և ժամանակն է հասկանալու, թե ինչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք այս ընթացքում և արդյոք հնարավոր էր ավելիին հասնել։
Բարսելոնան փորձում էր ակտիվ լինել տրանսֆերային շուկայում, բայց ամեն ինչ չէր, որ նրանց պլանավորածով ընթացավ։ Բարսան նախ և առաջ մտածում էր դարպասապահի դիրքը ուժեղացնելու մասին և աչք էր դրել այդ ժամանակ դեռ Էսպանյոլի դարպասապահ Ժոան Գարսիայի վրա։ Բարսելոնային երկար չարչարանքներից հետո ի վերջո հաջողվեց իրականացնել այդ տրանսֆերը, որը, իմ կարծիքով, անհրաժեշտություն էր և երկար տարիներ կարող է լուծել դարպասապահի դիրքի խնդիրը։
Հաջորդիվ Նիկո Ուիլյամսի հետ կապված հայտնի պատմությունն էր։ Բարսելոնան կարծես հրաժարվել էր Նիկոյին ձեռք բերելու մտքից և քննարկվում էր մի քանի այլ տարբերակ, երբ Նիկոն, շատ անսպասելի, իր գործակալի միջոցով, տեղեկացրեց, որ ամեն ինչ կանի Բարսելոնա տեղափոխվելու համար և պատրաստ է գնալ զիջումների։ Թե ինչ եղավ հետո՝ կարծում եմ, հայտնի է բոլորիդ։
Այդ ամենից հետո Բարսելոնան կենտրոնացավ Լուիս Դիասի վրա՝ մտքում պահելով Մարկուս Ռեշֆորդի տարբերակը։ Ստացվեց այնպես, որ Լիվերպուլի առաջարկած պայմանները ձեռնտու չէին Բարսային, և նրանք վերջապես որոշեցին վարձավճարով ձեռք բերել Ռեշֆորդին, իսկ վերջինս այն ֆուտբոլիստն էր, ով իրոք ամեն ինչ արեց Բարսա տեղափոխվելու համար։ Կարծում եմ՝ այս ձեռքբերումը ևս լավ ապագա կարող է ունենալ։
Այս ամենին զուգընթաց Բարսան պետք է բաժանվեր մի քանի ֆուտբոլիստներից, որպեսզի կարողանար ֆինանսական բեռը թեթևացնել և անարգել գրանցել ձեռք բերած ֆուտբոլիստներին: Բարսան սկսեց ֆուտբոլիստներից բաժանվելու գործընթացը, բայց այս պահի դրությամբ կարծես թե մեկ խոշոր վաճառք է հարկավոր Բարսային Ժոանին և Ռեշֆորդին գրանցելու համար:
Տեր Շտեգենի հետ կապված խառը իրավիճակից ելնելով՝ մնում եմ այն կարծիքին, որ Ֆեrան Տոrեսին վաճառելու տարբերակը ստեղծված իրավիճակում ամենաիդեալականն է` հաշվի առնելով նաև այն, որ լուրեր են պտտվում, իբր կա ակումբ, որը պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել նրա համար։
Այսպիսով, եթե ընդհանուր փորձենք հասկանալ, թե ինչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք մինչմրցաշրջանային հատվածում, և եթե հաշվի առնենք գլխավոր տրանսֆերները, ապա կարելի է այսպես ասել, որ ձեռք բերեցինք 2 մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստների, բայց կորցրինք Նիկո Ուիլյամսին։
Իսկ այն հարցին, թե կարող էր արդյոք Բարսելոնան ավելի արդյունավետ օգտագործել մինչմրցաշրջանային հատվածը, պատասխանեմ այսպես. կարծում եմ, հաշվի առնելով բոլոր սահմանափակումները, ակումբը անում է առավելագույնը։