
Բարսայի լեգենդը հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Բարսայի լեգենդար պաշտպան Ժորդի Ալբան այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ավարտելու ֆուտբոլային կարիերան մրցաշրջանի ավարտից հետո։ 35-ամյա ֆուտբոլիստը շեշտել է, որ որոշումը կայացրել է գիտակցաբար և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իր կարիերայի ընթացքում աջակցել են իրեն։
Ալբան ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է Բարսելոնայի ակադեմիայում՝ Լա Մասիայում, սակայն պրոֆեսիոնալ մակարդակում իր առաջին հաջողությունները գրանցել է Վալենսիայում։ 2012 թվականին նա վերադարձել է Բարսելոնա և դարձել թիմի ձախ եզրի անփոխարինելի խաղացողներից մեկը։
Կատալոնական ակումբում Ալբան անցկացրել է ավելի քան 450 հանդիպում՝ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ․ 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 1 անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, 5 անգամ՝ Իսպանիայի գավաթը, 4 անգամ՝ Սուպերգավաթը և 1 անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունը։
Ալբան նաև Իսպանիայի հավաքականի առանցքային խաղացող էր։ Նա հավաքականում անցկացրել է ավելի քան 90 հանդիպում և 2012 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Իտալիայի դեմ եզրափակիչ խաղում նրա խփած գոլը մինչև այսօր հիշվում է ֆուտբոլասերների կողմից։
Բարսելոնայից հեռանալուց հետո Ալբան տեղափոխվեց ամերիկյան Ինտեր Մայամի, որտեղ հանդես եկավ իր նախկին թիմակիցների՝ Լիոնել Մեսսիի և Սերխիո Բուսկետսի կողքին։ Չնայած լավ մարզավիճակին՝ նա որոշեց ավարտել իր կարիերան՝ նշելով, որ ցանկանում է կենտրոնանալ ընտանիքի և անձնական կյանքի վրա։
«Ես երազել եմ արժանապատվորեն ավարտել այն, ինչ սկսել էի դեռ մանկուց։ Շնորհակալ եմ բոլորին՝ թիմակիցներիս, մարզիչներիս, երկրպագուներիս և իմ ընտանիքին, ովքեր միշտ իմ կողքին են եղել։ Սա ճիշտ պահն էմ որպեսզի կանգ առնեմ և գնահատեմ այն, ինչ նվաճել եմ», — գրել է Ալբան իր սոցիալական ցանցերում։
Ժորդի Ալբան ֆուտբոլային կարիերայի ընթացքում դարձել է ժամանակակից ձախ պաշտպանի խորհրդանիշ՝ արագությամբ, ճշգրտությամբ ու յուրօրինակ ֆուտբոլային մտածողությամբ։ Նրա անվան հետ են կապվում բազմաթիվ գեղեցիկ պահեր ու կարևոր հաղթանակներ թե՛ Բարսելոնայի, թե՛ Իսպանիայի հավաքականի կազմում։
Ալբայի հեռանալով ավարտվում է մի ամբողջ դարաշրջան՝ կապված կատալոնական ֆուտբոլի ոճի, նվիրվածության և թիմային աշխատանքի հետ։ Նա պատմության մեջ կմնա որպես ֆուտբոլիստ, որը համեստությամբ ու հավատարմությամբ արժանացավ թե՛ գործընկերների, թե՛ մրցակիցների հարգանքին։