
Բարսայի կիսապաշտպանը Ժիրոնայի թիրախում է
Օգոստոսի մեկնարկը Բարսելոնային ստիպում է արագացնել աշխատավարձային ցուցակը կրճատելու գործընթացը, որպեսզի հնարավոր լինի գրանցել նորեկներին՝ Ժոան Գարսիային և Մարկուս Ռեշֆորդին։
Ակումբից հեռանալու հիմնական թեկնածուներից է Օրիոլ Ռոմեուն։ Թիմում իր նշանակությունը կորցնելուց հետո նա այլևս չի մտնում մարզչական շտաբի ծրագրերի մեջ։ Ռոմեուն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Ժիրոնայում, որը ցանկանում է այս անգամ արդեն լիարժեք պայմանագրով վերադարձնել կիսապաշտպանին։
Ժիրոնայի պահանջները
Ըստ Catalunya Radio-ի՝ Ժիրոնան Ռոմեուի տրանսֆերը կդիտարկի, եթե Բարսելոնան նրան տրամադրի ազատ գործակալի կարգավիճակ։ Դա կնշանակի, որ Ռոմեուն կարող է անվճար հեռանալ, թեև նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
Ժիրոնայի երկրորդ պահանջը վերաբերում է հենց ֆուտբոլիստին․ վերադառնալու համար նա պետք է համաձայնի աշխատավարձի զգալի կրճատման։ Երկու տարի առաջ Բարսելոնա տեղափոխվելուց հետո Ռոմեուն սովոր է բարձր աշխատավարձի, սակայն Ժիրոնան ի վիճակի չէ վճարել այդ գումարը։
Բարսան կարող է ընդառաջել Ժիրոնայի պահանջին, քանի որ լավ հասկանում է՝ Ռոմեուի տարիքի և խաղամակարդակի անկման պատճառով նրա տրանսֆերից մեծ գումար չի կարող ակնկալել։
Հետևաբար, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կավարտվեն կատալոնական երկու ակումբների բանակցությունները, և որտեղ կշարունակի կարիերան փորձառու կիսապաշտպանը։