ad-banner-1
բարսա-բարսելոնա

Բարսայի ֆուտբոլիստների գնահատականները Ռայոյի հետ խաղում․ բլոգ

Բարսան Լա Լիգայի երրորդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց Ռայո Վալյեկանոյի դեմ։ Խաղը ավարտվեց 1-1 հաշվով։ Ձեզ եմ ներկայացնում Բարսելոնայի մեկնարկային կազմի գնահատականները այդ խաղի համար․

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ժոան Գարսիա – 9.5

Ժոան Գարսիան ֆանտաստիկ խաղ անցկացրեց և Բարսայի եզակի լուսավոր կետերից էր այդ խաղում։ Գարսիան գլխավոր պատճառն էր, որ Բարսան այդ խաղում չընդունեց 4-5 գնդակ։ Ժոանը ետ էր մղում ամեն ինչ՝ նույնիսկ խաղից դուրս իրավիճակներից կատարված հարվածները։


Անդրեաս Քրիստենսեն – 6.5

Քրիստենսենը անակնկալ կերպով հայտնվեց Բարսելոնայի մեկնարկային կազմում։ Իրականում նա հակասական տպավորություն թողեց՝ մեկ շատ գրագետ դիրքային խաղ ցուցադրելով, մեկ՝ անփույթությամբ։ Հաշվի առնելով, որ նա երկար ժամանակ չէր եղել մեկնարկային կազմում, նրա ելույթը կարելի է դրական համարել։


Էրիկ Գարսիա – 6

Էրիկ Գարսիան կարծես թե այնքան էր հարմարվել աջ պաշտպանի դիրքին, որ բավականին անհարմար էր իրեն զգում իր համար ավելի հոգեհարազատ դիրքում։ Էրիկը թույլ տվեց մի քանի դիրքային կոպիտ սխալներ, և լավը չէին նույնիսկ նրա առաջին փոխանցումները, ինչը միշտ նրա ուժեղ կողմերից է եղել։


Ալեխանդրո Բալդե – 6.5

Բալդեն տեղ-տեղ շատ ակտիվ էր, փորձում էր ամեն հարմար իրավիճակում միանալ գրոհներին և օգնել Ռաֆինյային։ Բայց հարձակման գծում նրա ակտիվությունը կարծես խանգարում էր նրան պաշտպանական գործողություններում։ Եզակի խաղերից էր, որ Բալդեն մի քանի անգամ չհասցրեց փակել իր դիրքը, և նույնիսկ նրա բարձր արագությունը չէր օգնում նրան այդ հարցում։


Ժյուլ Կունդե – 5.5

Կունդեն սեզոնի իր առաջին խաղն էր անցկացնում մեկնարկային կազմում, և այսպես ասած՝ բավականին շատ էր կորում խաղադաշտում։ Նրա միացումները գրոհներին և Յամալի հետ համագործակցությունը չէր գտնվում բարձր մակարդակի վրա։


Պեդրի – 6.5

Պեդրին նույնպես այն ֆուտբոլիստներից էր, ով տեղ-տեղ հիանալի խաղ էր ցուցադրում, բայց նաև շատ հաճախ կորում էր խաղադաշտում։ Նրա կախարդանքը այդ անգամ կիսատ տեսք ուներ։ Ընդհանուր առմամբ, եթե նայենք՝ Պեդրիի խաղը իր չափանիշներից ավելի ցածր էր։


Ֆրենկի դե Յոնգ – 8

Դե Յոնգի հիանալի խաղը կրկին մնաց թերագնահատված։ Նա գերիշխում էր խաղադաշտի կենտրոնում, կատարում էր շատ կարևոր գնդակի խլումներ, և տպավորություն կար, որ խաղընկերները նրան չէին օգնում։ Ընդհանրապես, Դե Յոնգը ինչ-որ չափով սկսում է նմանվել Բուսկեթսին՝ նա գրեթե ամեն խաղում բարձր մակարդակի ֆուտբոլ է խաղում, բայց նրա մասին շատ քիչ է խոսվում։


Դանի Օլմո – 5.5

Կարծում եմ՝ սա Օլմոյի վատագույն խաղն էր Բարսելոնայի խաղաշապիկով։ Նա շատ շփոթված և իներտ տեսք ուներ։ Հաճախ էր գնդակ կորցնում և նաև հիանալի գոլային պահ կորցրեց, ինչը կարող էր վերջակետ դնել խաղի հաղթողի վերաբերյալ կասկածներին։


Լամին Յամալ – 7.5

Քանի որ Յամալը վաստակեց 11 մետրանոցը և նաև հաջող իրացրեց այն, այդ պատճառով շատ ցածր գնահատական չէր կարող լինել։ Բայց ընդհանուր առմամբ՝ Յամալը այդքան էլ հաջող հանդիպում չանցկացրեց։ Նրա անցումները չէին ստացվում, փոխանցումները շատ անվստահ էին, իսկ թիմային խաղը՝ շատ ցածր մակարդակի։


Ռաֆինյա – 6

Ռաֆինյան, ինչպես միշտ, շատ մեծ ծավալի աշխատանք էր կատարում դաշտում, բայց տվյալ խաղում այդ աշխատանքը միակն էր, որ նրա մոտ ստացվում էր։ Նա մսխեց երկու ռեալ գոլային պահ և չէր կարողանում անհրաժեշտ սրություն ստեղծել։


Ֆեռան Տոռես – 6.5

Ֆեռանը ընդհանուր առմամբ շատ ակտիվ էր, փորձում էր ճիշտ բացվել և շեղել մրցակցի պաշտպանների ուշադրությունը։ Բայց այս խաղում Տոռեսի գործողությունները ընթեռնելի էին, և Ռայոյի պաշտպանները առանձնապես դժվարություններ չունեցան։

Սարգիս Սարգսյան

saqo_8

Հեղինակ՝ saqo_8

fcbarca.am - Ես Սարգիսն եմ, Բարսելոնայի մասին միակ հայերեն կայքի վերլուծաբանը։

Պատասխանել