
Բարսելոնայի պատանու շուրջ պայքար է սկսվել
18-ամյա Մարկ Բեռնալը նախորդ ամռանը փայլեց Բարսելոնայի նախամրցաշրջանային խաղերում ու արագ մուտք գործեց Հանսի Ֆլիկի հիմնական կազմ, նախորդ մրցաշրջանը սկսեց խոստումնալից, սակայն ամեն ինչ փչացավ ծանր վնասվածքով։
Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ-ալիքին
Երրորդ մրցավեճում ստացած խաչաձև կապանների պատռվածքը նրան ամիսներով դուրս թողեց պայքարից։
Հիմա Բեռնալը լիովին վերականգնվել է, ակտիվորեն աշխատում է թիմի հետ և պատրաստվում է մրցաշրջանին։ Սակայն իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տաղանդավոր կիսապաշտպանը գրավել է եվրոպական ակումբների ուշադրությունը։
Ինչպես հայտնում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, իտալական Ռոման հետաքրքրված է Բեռնալի ծառայություններով։ Ակումբը, որը նոր է գլխավորել Ջան Պիերո Գասպերինին, ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը և Մարկ Բեռնալը դիտարկվում է որպես հարմար տարբերակ։
Ըստ աղբյուրի՝ ակումբները արդեն իսկ կապ են հաստատել՝ տրանսֆերի հնարավորությունը քննարկելու նպատակով։
Նույն աղբյուրը նշում է, որ նաև Ռեալ Բետիսն է հետևում Բեռնալին և պատրաստ է պայքարել նրա տրանսֆերի համար։
Այնուամենայնիվ, շատ քիչ հավանական է, որ Բարսելոնան հրաժարվի Բեռնալից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նա համարվում է Հանսի Ֆլիկի ապագա թիմի առանցքային մասնիկներից մեկը, և նախատեսվում է, որ նրա դերը թիմում միայն կաճի՝ երբ վերջնականապես վերագտնի մարզավիճակը։
Բեռնալը, ով մայիսին դարձավ 18 տարեկան, արդեն իսկ իր համաձայնությունն է տվել Բարսայի հետ երկարաժամկետ նոր պայմանագրի շուրջ։ Մնում է միայն պաշտոնական ստորագրությունը։
Այդ իսկ պատճառով, Բեռնալի հեռացումը այս ամառ կարելի է գրեթե բացառել։