Բարսան կգնի՞ Մարկուս Ռեշֆորդին
Բարսելոնան ավելի ու ավելի է հակվում այն մտքին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գնի եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, ում վարձակալել է Մանչեսթեր Յունայթեդից։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Ֆլիկի թիմում շատ են գնահատում անգլիացու բազմաֆունկցիոնալությունը, ով ընդունակ է խաղալ հարձակման երկու թևերում և կենտրոնում։
Նաև նշվում է Ռեշֆորդի պատրաստակամությունը՝ մշտական ճնշում գործադրել մրցակցի պաշտպանության վրա, նրա հեռահար հարվածները և փոխանցումներ կատարելու հմտությունը։ Ընդգծվում է, որ եթե կատալոնական ակումբը վերջնականապես որոշի գնել 28-ամյա հարձակվողին, ստիպված կլինի վճարել 30 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը մասնակցել է 23 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի գործող պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt -ի տեղեկությունների՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։
