Արաուխոն ծանր դրության մեջ է․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել
Բարսելոնայի 26-ամյա պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի մասնակցի Լա Լիգայի 14-րդ տուրի՝ Ալավեսի դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
«Արաուխոն աղիքային վիրուս ունի։ Նա այսօր չի մարզվել և բաց կթողնի նաև վաղվա հանդիպումը։ Մենք հիասթափված ենք։ Չելսիից կրած պարտությունը ծանր էր։ Մենք կարծում էինք, որ կարող էինք հաղթել։ Մենք պետք է լավատես լինենք հաջորդ խաղի վերաբերյալ», – ասել է Ֆլիկը։
Հիշեցնենք, որ նախօրեին Բարսելոնան Չեմպիոնների լիգայում զիջել էր Չելսիին: Այդ խաղում Արաուխոն հեռացվել էր դաշտից երկու դեղին քարտ ստանալու պատճառով։ Լրագրող Տոտ Կոստայի տեղեկություններով՝ «բլաուգրանայի» ավագը հեռացման պատճառով հոգեբանական ծանր վիճակում է։
Բարսելոնայի և Ալավեսի հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին։
Այժմ կատալոնացիները մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում են, առաջատարից՝ Մադրիդի Ռեալից հետ են մնում 1 միավորով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը բաց կթողնի իր թիմի մի քանի հանդիպում։
